Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ներկայացվել է Արդար դատաքննության վերաբերյալ Օմբուդսմենի 2013 թվականի արտահերթ հրապարակային զեկույցը:Զեկույցի մանրամասները քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ ներկայացնում ենք զեկույցի նախաբանը, որը, կարծում ենք, կարող է դառնալ տարեվերջյան թիվ 1 քննարկման թեման:
«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավո Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԵԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:
Եթե Վճռաբեկ դատարանի և դրա երկու պալատների նախագահները՝ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ»: