168.am-ը գրել է, որ 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարց ուղղելուց առաջ անեկդոտ է պատմել՝ նշելով, արտագաղթի տեմպերի աճի պայմաներում Հրանուշ Հակոբյանը շուտով կդառնա համայն հայության նախարար։ «Մեկը նամակ է գրում տուն, ասում է օրը 200կմ նահանջելով գալիս ենք, էսպես, որ գնա, տուն եմ հասնելու»,-պատմեց ՀԱԿ պատգամավորը։ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը տեղից արձագանքել է. «Գերմանացի՞ էր»: «Չէ, լոռեցի»,-հակադարձել է Արամ Մանուկյանը, հավանաբար նկատի ունենալով Է. Շարմազանովի ծննդավայրը: Արամ Մանուկյանը շարունակել է. «Հիմա օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանից անցնում է Ձեր՝ Սփյուռքի բալանս, ու եթե հինգ տարի էլ էսպես գնա, Դուք դառնալու եք համայն հայութան նախագահ կամ նախարար»։ Պատգամավորը նշել է, որ միայն Լարսի սահմանային անցակետով մեկ ամսվա ընթացքում 160.000 հայաստանցի է անցել, ինչը նրա գնահատմամբ ողբերգություն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում