«Դժգոհություններ չեն եղել, եղել են տարբեր կարծիքներ, յուրաքանչյուրս ունեցել ենք մեր կարծիքը, և, որպես ժողովրդավարական արժեքներ ունեցող կուսակցություն, նորմալ է, որ մեր կուսակցությունում լինեն տարբեր մոտեցումներ ու քննարկումներ: Եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ը Կոմկուս է, ու մեզ մոտ ոչ մի քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք, երբ քվեարկություն է լինում ու քննարկում, լինում են կողմ ու դեմ ձայներ, բայց որոշում կայացնելիս մենք միակամ ենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ինքն էլ դեմ է տարածքային ցուցակներին: Ըստ Կ. Կարապետյանի՝ այս ընտրական ցուցակները ժողովրդի ներսում էլ են թշնամանք առաջացնում:
Է. Շարմազանովը նկատեց, թե բացի Կ. Կարապետյանից գործադիրում եղել են մարդիկ, ովքեր ևս կողմ չեն եղել: «Իրենք ունեցել են իրենց կարծիքը, մենք էլ ունեցել ենք մեր կարծիքը, ամեն մեկս ունեցել ենք, քննարկել ենք այդ կարծիքները և եկել ենք այն եզրահանգման, որ 5 քաղաքական ուժերը միասին եկել են կոնսենսուսի, ու մենք ունենք այդ օրենսգիրքը: Ո՞րն է այստեղ զարմանալին, ես չհասկացա»:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի մեկ այլ խոսքին, թե ՀՀԿ-ական լինելն իրեն ավելի շատ կխանգարի, քան թե կօգնի, ապա ՀՀԿ խոսնակն ընդգծեց. «ՀՀԿ-ական լինելն ինձ համար պատիվ ու հպարատություն է, և, կարծում եմ, բոլորի համար պիտի լինի պատիվ ու հպարտություն»:
Դիտարկմանը, թե այսինքն՝ իրենց կուսակիցներն են սկսել քննադատել ու ասել, որ երկրում խնդիրներ կան, նա պատասխանեց. «Մեր կուսակցությունը երբեք չի ասել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է, որ երկրում խնդիրներ չկան: Մենք տարբերվում ենք բոլոր իրշխանություններից նրանով, որ մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը, բայց ՀՀԿ-ն է այն ուժը, որ կարող է լուծել այդ խնդիրները լավագույնս և օբյեկտիվորեն իրականացրել է խնդիրների ախտորոշում և գնալու է բարեփոխումների ճանապարհով»:
Ըստ Է. Շարմազանովի՝ իրենց տարածքային թեկնածուների և կուսակցության նպատակը պետք է լինի հնարավորինս շատ ձայն ապահովել կուսակցության համար: «Սա մեծամասնական կարգ չէ, համամասնական ընտրակարգ է, և նախևառաջ ընտրողը պետք է ընտրի կուսակցությանն ու դրա ցանկում պետք է ընտրի այն մարդկանց, ում կուսակցությունն առաջարկել է: Եվ Լոռու մարզում, և մյուս 12 ընտրատարածքներում մենք ունենք շատ ներկայանալի ցուցակ, որտեղ ընտրողները կարող են ընտրել իրենց համար ավելի նախընտրելի թեկնածուի:
Յուրաքանչյուր թեկնածուի համար պիտի պատիվ լինի լինել ՀՀԿ-ի ցուցակում, որոհետև ՀՀԿ-ի, ինչպես դուք գիտեք, դեռևս խորհրդային ժամանակաշրջանում հիմնադիրները եղել են անկախության պայքարի ակունքներում, կուսակցությունը եղել է անկախության բանակի հիմնադրման ակունքներում, արցախյան հերոսամարտում ունեցել է իր լուրջ դերակատարումը ու խաղաղ շինարարության ժամանակ ևս ունեցել է լուրջ դերակատարում»:
ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, թե ՀՀԿ-ն, ի տարբերություն շատ այլ գործիչների, և դրականի, և բացասականի պատասխանատուն է: «Մենք չենք ասում, որ ամեն ինչ փայլուն է եղել, եղել են և սխալներ, և առավելություններ, մենք երբեք մեր թերությունները մեր վրայից չենք հանել ու գցել ուրիշի վրա: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա դրանք, կարծիքների բախումը նորմալ երևույթ է, բայց այն, որ ՀՀԿ-ը մնում է միակ ֆավորտի, և ինձ համար Հանրապետական լինելը պատիվ ու հպարտություն է, այստեղ 2 կարծիք լինել չի կարող»:
Ըստ նրա՝ ապրիլի 2-ից հետո պարզ կերևա, թե քանի հոգի է իր կարծիքին. «Խնդիրներով ահնդերձ կարծում եմ, որ ՀՀԿ-ն լավ աշխատանքի արդյունքում ամենամեծ շանսերն ունի հաջողության հասնելու»:
Նա տեղեկացրեց, որ շատ հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀԿ-ն առաջատար է բոլոր 13 ընտրատարածքներում: