Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելուն և նրանց մտահոգություններին, թե վստահ չեն, որ բոլորը կհայտարարագրեն, ասաց. «Ես նման հայտարարություններին հանգիստ եմ վերաբերվում, իհարկե, կարող են թաքցնել եկամուտները: Մենք ասում ենք՝ հայտարարագրեք ձեր եկամուտներն այնքան, որքան ստանում եք: Եթե մարդիկ մտածում են՝ «դուք չեք կարող դա վերահսկել», լավ, չենք կարող, բայց դուք ինքներդ ձեզ չե՞ք կարող վերահսկել: Այսինքն, դուք մտածում եք, որ անպայման մի բան այն չե՞ք անելու: Հայտարարագրեք այնքան, որքան ստացել եք, եթե ուզում եք խաբել, խաբեք»:

Այն հարցին՝ ի՞նչ է անելու ՊԵԿ-ը, եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները թաքցնեն իրենց եկամուտները, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Հարկեր վճարելու մշակույթ ձեւավորելու հիմքում պետք է լինի փոխադարձ վստահությունը: Եթե ոչ, մենք մեր գործիքների ամբողջ ծավալով մեր գործը կանենք: ՊԵԿ-ը նաեւ իրավապահ մարմին է եւ ունի իր բավականին շատ ծառայություններ, որոնք իրենց գործն անում են՝ կապված օպերատիվ տեղեկատվության ստացման ու մշակման հետ: Անընդհատ ասում են՝ բա ինչպե՞ս եք վերահսկելու: Չեմ ուզում վերահսկել, ոչ էլ վերահսկելու եմ, դուք ազնվորեն հայտարարագրեք»:

Լրագրողների դիտարկմանը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները չունեն աշխատանքի հասցե, նրանց տնե՞րն եք մտնելու, Անանյանն ասաց. «Եթե աշխատավայր չունեն, ունեն հասցե: Միգուցե գրենք, խնդրենք, ներկայանան մենք էլ իրենց բացատրենք, թե ինչպես պետք է հարկերը վճարել: Եթե մեկ մլն դրամ է ստացել, հենց այդքան էլ պետք է հայտարարագրի:


