Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների հետևանքով արդեն երկու մարդ է զոհվել։ «Ուկրաինական պրավդայի» հաղորդմամբ՝ նրանցից մեկի անունը հայտնի է՝ մոտ 30 տարեկան, Եվրամայդանի ակտիվ մասնակից Սերգեյ Նիգոյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Գրուշևսկու փողոցում։
Եվս մեկ 22 ամյա երիտասարդ, ում անունը չի հաղորդվում, վնասվածքներ է ստացել՝ ընկնելով Վալերի Լոբանովսկու անվան ստադիոնի 13 մետրանոց սյունից, որտեղից դյուրավառ խառնուրդով շշեր էր նետում իրավապահների ուղղությամբ: Նա մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, հաղորդում է kp.ru կայքը:
Նշենք, որ բախումները սկսվել են հունվարի 19-ին՝ այն բանից հետո, երբ իրավապահները հրաժարվել են ցուցարարներին թույլ տալ անցնել դեպի Գերագույն ռադայի շենք։ Ցուցարարները Ուկրաինայի խորհրդարանից պահանջում էին չեղյալ հայտարարել հունվարի 16-ին ընդունված մի շարք օրենքներ, որոնք, մասնավորապես, խստացնում են խաղաղ ցույցեր անցկացնելու կանոնները, քրեորեն պատժելի են դարձնում զրպարտությունն ու համացանցում ծայրահեղական նյութերի տարածումը։