|
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպայում և, մասնավորապես, Գերմանիայում գնալով ահագնանալու են «ահաբեկչական» գործողությունները: Բացառված չէ, որ ալիքը Հայաստան էլ հասնի:
Անցած տարի էս օրերին եվրոպական մամուլը բացահայտեց ՌԴ հատուկ ծառայությունների մի գործողություն, որի շրջանակներում ազգությամբ սերբ գործակալները սկզբից կանաչ ներկով պղծում էին 3 հուդայական սինագոգ և Փարիզի Հոլոքիստի թանգարանը, իսկ հետո խոզի գլուխներ կախում Փարիզի մզկիթների ու Իսլամական կենտրոնների դռների վրա: Ֆրանսիական իրավապահները 3 սերբի ձերբակալում են, ևս 11-ը ձերբակալվում են Սերբիայում: Գործողության իմաստը կայանում էր նրանում, որ Ֆրանսիայում, կրոնական խմբերի միջև բախում հրահրելով՝ ապակայունացնել քաղաքական իրավիճակը:
Նմանատիպ գործողություններ անում են բոլոր տերությունները, ընդ որում՝ երբեմն նրանք դա անում են հենց սեփական տարածքում: Կատարողները կարող են լինել երրորդ երկրի գործակալներ, կամ նախապես այդ նպատակով հավաքագրված արմատական ծայրահեղականներ, կամ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ: Ով ասես կարող է լինել իրագործողը: Միայն մեկ բան չի կարող լինել․ չի կարող ահաբեկչությունը կամ սադրանքը չունենա պատվիրատու՝ ի դեմս հատուկ ծառայության:
Ուրիշ հարց, որ ոչ բոլոր ծառայություններն են սենց հեշտ բռնվում: Իսկ երբեմն էլ իրավապահները, բռնելով մեղավորներին, թեման կոծկում են, քանի որ քաղաքական առումով այն արծարծելը նպատակահարմար չէ: Օրինակ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ իրավապահները ձերբակալել են Մոսսադի երեք գործակալի, որոնք ոչ միայն նախապես տեղյակ են եղել ինքնաթիռների գործածությամբ սպասվող ահաբեկչության մասին, այլ նաև տոնել են դրա հաջող ընթացքը, բայց այս դրվագը 25 տարի շարունակ բարեհաջող կոծկվել է:
Գերմանական իրավապահները շատ լավ իմացել են, թե ով է իրականում պայթեցրել Հյուսիսային Հոսքի գազամուղը, բայց ոչ միայն չեն թիրախավորել իրական մեղավորներին, այլ մեղքը բարդել են ռուսների վրա, որոնք տվյալ դրվագի հետ որևէ առնչություն չունեին: Պայթյունից միայն 4 տարի անց գերմանացիները հայտնեցին, որ ձերբակալել են մեկ ուկրաինացի զինվորականի, ով ենթադրաբար կազմակերպել էր պայթյունը, բայց դեռ լռում են պատվիրատուների մասին: Դրա մասին կխոսվի միայն, եթե լինի քաղաքական անհրաժեշտություն:
Օրերս Գերմանիայում մի «ահաբեկչական» ակտ է տեղի ունեցել: Ըստ պաշտոնական վարկածի մի մահմեդական մեքենայով մխրճվել է գեյ շքերթի մասնակիցների մեջ, մեկ մարդու սպանել ու 29-ին վիրավորել: Գերմանական ոստիկանությունը ձերբակալելիս սպանել է կասկածյալին, իսկ արարքը միանգամից որակել որպես կրոնական հողի վրա տեղի ունեցած ահաբեկչություն:
Էս մի դրվագը սակայն ունի նրբություն, որի մասին, բնականաբար, ոչ մի տեղ չի խոսվում: Բանն այն է, որ Եվրոպայի մահմեդականները ու ձախական հոսքերը (այդ թվում սեռական և այլասեռական խմբերը) դաշնակիցներ են: Վերջին շրջանում այդ խմբերի ամենացցուն համագործակցությունը եղել է Պաղեստինում՝ ցեղասպանության դատապարտման ու դրա մասին բարձրաձայնման շուրջ, իսկ հիմնական հակառակորդը եղել է Իսրայելը... «Ահաբեկչության» արդյունքում աջերը նորից հակաիսլամական հիստերիա բարձրացրեցին, իսլամը պաշտպանող ձախերը լռեցվեցին, իսկ բուն մահմեդականները ստիպված են արդարանալ: Մի հարվածով երեք նապաստակ:
Եթե գերմանական արտաքին քաղաքական էքսպանսիան դեպի Մերձավոր Արևելք շարունակվի, նման «ահաբեկչական» և տարատեսակ այլ դիվերսիոն գործողությունները շատանալու են: Վստահ եմ, որ գերմանացիք դա շատ լավ հասկանում են, դրա համար էլ կասկածյալը սպանվել է, գործը արագ «բացահայտվել» ու փակվել:
Հ.Գ. կարծում եմ հեռու չէ նաև այն պահը, երբ Մոսադի գործակալները Հայաստանում նորից սկսեն ՊՊԾ-ներ գրավելն ու հակաթուրքական հռչակագրեր տարածելը»:
|