▲ Դեպի վեր

Понедельник, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ կնախաձեռնվի». Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԿՆԱԽԱՁԵՌՆՎԻ
Ինչպես հիշում եք, մի խումբ փաստաբաններով 04.12.2024թ. դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բ.Չիլինգարյանը 25.12.2024թ. հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել: ՀՀ գլխավոր դատախազությանը, իսկ այնուհետև ՀՀ հակակոռուպցիոն դատարանին (դատավոր Տ.Դավթյան) ներկայացված բողոքները համապատասխանաբար 07.01.2025թ. և 27.02.2025թ. որոշումներով մերժվել են:
Այսօր՝ 2025թ. ապրիլի 3-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Կարեն Ամիրյան) բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի 27.02.2025թ. որոշումը և կայացրել է դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դրել է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝
- «ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը' 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության' Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին:
- 2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն: Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1.050.000 դոլարի չափով մնացել է: 2023 հայտարարագրում այդ բաժնետոմսերն «անհետանում են»:
- Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որն ըստ երևույթին (հաստատապես չճշտված տվյալների համաձայն) Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է:»:
Այնուհետև ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նշել է Վահե Հովհաննիսյանի կողմից «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին տրամադրած 52.614.000 ՀՀ դրամի չափով փոխառության, ՀՀ կառավարության 09.11.2023թ. թիվ 1942-Ա որոշմամբ «Ջի Կոդեր» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված 1,5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության և այլ հանգամանքների մասին:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ «.. սույն դեպքում ներկայացված հաղորդումը «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով բովանդակային առումով պարունակել է տեղեկություններ առերևույթ հանցանքի մասին, հետևաբար՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Բ.Չիլինգարյանի՝ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու վարույթային ակտով պատշաճ վերլուծության և իրավական գնահատման չի ենթարկել Արա Զոհրաբյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակությունը..»»:

***

Ավելի վաղ, Փաստաբանների ակումբը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը։ «Կատարված նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախարարի վարքագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- ասել էր Արա Զոհրաբյանը։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել էին  մի շարք փաստեր, մասնավորապես․

- Նախարարը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով։
- Այնպես է արել, որ իր հյուրանոցից, մեկ անձից գնումների սկզբունքով, միլիոնավոր դրամների գնումներ կատարվեն։
- Իր ընկերությունը, որը գրանցել է քեռու անունով, 98 միլիոն դրամի հարկային արտոնություն է ստացել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее