Գագիկ Ծառուկյանը չի հրահանգել իր կուսակիցներին չմասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակում կայանալիք ապրիլի 9-ի երդմնակալության արարողությանը, երթին կամ միտինգին: Նյուզ.am-ն է գրում ու նշում, որ նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը զրույցում հերքեց ԲՀԿ առաջնորդի մասին այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:
«Այդ տեղեկատվությունը իրականության հետ որեւէ առնչություն չունի, հրապարակումը ծայրից ծայր չի համապատասխանում իրականությանը եւ վստահաբար ասում եմ, որ յուրաքանչյուր բառը բացարձակ ապատեղեկատվություն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ԲՀԿ իրենց աղբյուրների փոխանցմամբ` Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որեւէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի իննի երդմնակալության «արարողությանը», երթին եւ կամ միտինգին: «Ըստ ԲՀԿ մեր զրուցակցի, բացի նրանից, որ «Ժառանգությունն» այսօր իրենց մրցակիցն է, «վերեւներում» պայմանավորվել են, թե ինչպես իրենց պահեն ավագանու ընտրությունների «հաշվով»: Պայմանավորվածության հիմնական առանցքում «Արմավիան» է. Ծառուկյանն ասել է, որ եթե աշխատավարձի եւ մյուս պարտքերը մարվեն, ինքը կգնի այն: Իսկ Օսկանյանի որդին էլ, ըստ ամենայնի, կգնի Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը: Սրանով է նաեւ պայմանավորված վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արտաքուստ մեղմացող, իսկ իրականում անտեսանելի, նոր երանգներ ստացող պայքարը ֆեյսբուքյան տիրույթում»,- գրել է թերթը: