▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ Երևանի քաղաքապետ

Տեղեկությունները, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է մաս կազմել իշխանական կոալիցիային, բավական հիմնավոր են, սակայն դա տեղի կունենա ոչ թե նախկին ձևաչափով, այլ ավելի «քաղաքակիրթ»  դրսևորմամբ:

168.am-ն է գրում այս մասին, հղում անելով իր աղբյուրներին ու նշելով, որ ըստ այդմ, ԲՀԿ-ն ոչ թե կստանա պորտֆելներ ապագա  կառավարությունում, այլ Երևանի քաղաքապետի պաշտոնը:  Քաղաքագիտական իմաստով՝ ԲՀԿ-ն չի կարող մաս կազմել կոալիցիային, քանի որ չի սատարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, սակայն կարող է հաղթել այս տարվա մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի երկու խոշոր քաղաքներում` Երևանում և Գյումրիում, կլինեն ԲՀԿ-ական քաղաքապետեր, գումարած՝ Իջևանի, Սիսիանի և Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետերը: Սա ավելի մեծ քաղաքական ազդեցություն է, քան նույնիսկ կառավարության կեսը` վարչապետով հանդերձ: Արդյունքում՝ կստացվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասն ապրում է ԲՀԿ-ական քաղաքապետերի կողմից ղեկավարվող համայնքներում:

Տեղական իշխանությունը բավական լուրջ հնարավորություն կտա ԲՀԿ-ին և նրա ետևում կանգնած ուժերին՝ հավակնել իշխանությանը հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Նշված սցենարն այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԲՀԿ-ում, որտեղ չեն բացառում, որ իշխանության համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը կարող է գլխավորել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ում՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածուներ, քննարկվում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի անունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее