«Մատաղիսի գործով շատ լավ, դիմեք Կոստանյան ինչ է՝ Գեւորգին»,- երեկ մի քանի լրագրողների հետ զրույցում «Առավոտ» թերթի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ է եղել՝ այսպես է արձագանքել Գագիկ Ջհանգիրյանը:
«Aravot.am-ի դիտարկմանը, որ փաստորեն տարիներ շարունակ այդ տղաները անարդարացիորեն ազատազրկված են եղել՝ նա պատասխանեց. «Ավելի լավ: Ուրեմն ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ: Երկրորդ զինդատախազը նույն մեղադրանքով նույն անձանց վերաբերյալ այդ գործն ուղարկել է դատարան, երրորդ զինդատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվել է դատարանում, դիմեք իրենց»:
Դիտարկմանը, որ Դուք եք «կնքահայրը»՝ նա պատասխանեց. «Ես ընդամենը կյանքումս մի երեխա եմ կնքել, ուրիշ որեւէ մեկի կնքահայրը չեմ եղել: Ցտեսություն ձեզ»:
Հարցերին՝ դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում՝ նա պատասխանեց. «Բացարձակ: Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին»:
Նա վստահեցրեց, որ շարունակում է պնդել, որ «դրանք մարդասպաններ են»: Ճշտմանը՝ մեղքի զգացողություն չունե՞ք՝ նա նետեց. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»:
Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել՝ ազատազրկման դատապարտված 3 տղաներին»,- գրում է «Առավոտը»։