ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ընտանեկան բիզնես ունի, գրում է «Հետք»-ը: Մինասյաններին է պատկանում «Բիթլիս-Մեն» ՍՊԸ-ն: Ընկերությունը ստեղծվել է 2004 թվականին: Հիմնադիրներն են Գագիկ Մինասյանը, որդին` Վահագն Մինասյանը, պատգամավորի եղբայրը` Սամվել Մինասյանը, և վերջինիս որդին` Աշոտ Մինասյանը: Յուրաքանչյուրը «Բիթլիս-Մեն» ընկերությունում ունի 25 տոկոս բաժնեմաս:
«Մեր ընկերությունը ունի նաև ՀԷԿ, դրանից բացի՝ մենք զբաղվում ենք ինժեներական աշխատանքներով, դրանից բացի՝ լիքը ուրիշ բաներ ենք անում»,- այսպես բնութագրեց իրենց ընկերության գործունեության ոլորտը Գագիկ Մինասյանի եղբոր որդին` Աշոտ Մինասյանը:
«Բիթլիս-Մեն» ՍՊԸ-ն 2006-ին ստացել է փոքր հէկ կառուցելու լիցենզիա, և «Այգեզարդ» անունը կրող հէկն արդեն իսկ գործում է Արտաշատի ջրանցքի ջրահոսքի վրա: Հզորությունը 2 ՄգՎտ է:
Գագիկ Մինասյանը, սակայն, 2012 թվականին` պատգամավորի մանդատը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում չի նշել, որ «Բիթլիս-Մեն» ընկերությունից եկամուտ է ստացել: Այնինչ, երբ նա պատգամավորի թեկնածություն էր առաջադրել և հայտարարագիր լրացրել` ներկայացնելով 2011-ի մարտից մինչև 2012թ. մարտ ամիսն ունեցած եկամուտները, նշել էր նույն ընկերությունում իր ունեցած 25 տոկոս բաժնեմասի մասին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում