«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել եւ «Արտաշատ» ԲԿ տեղափոխվել Հովհաննես Ղազարյանը, որը հայտնի է «Գազի Հովո» մականունով։ Նա «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենն է։ Գնդակը դիպել է նրա պարանոցի եւ որովայնի հատվածներին, այժմ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ղազարյանի մերձավորներից մեկից տեղեկացանք, որ տուժողը վիրահատվել է, տեղափոխվել Երեւանի հիվանդանոցներից մեկը, կրակողը եղել է դիմակավորված, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ երեկ հայտարարեցին, որ վերջինս հեռացել է երկրից։ Թե ինչն է եղել հանցագործության շարժառիթը, ասացին՝ բիզնես շահերը։ Ինչպես հայտնի է՝ Գազի Հովոն եւ նրա որդիները Արտաշատում գազա-բենզալցակայաններ ունեն։
Քաղաքում խոսում են, որ հանցագործություն կատարած անձին հովանավորում են իշխանությունները, եւ դրանով է պայմանավորված, որ նրան չեն հայտնաբերել, ավելին՝ թույլ են տվել, որ երկրից դուրս գա։ Տարիներ առաջ Գազի Հովոյի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գերդաստանների միջեւ թշնամությանը եւ բախումներին մամուլը շատ է անդրադարձել, ինչ-որ ժամանակ Ղազարյանը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից։ Մեր աղբյուրները հատկանշական են համարում, որ նման միջադեպ է տեղի ունենում այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը կրկին ձիու վրա է հայտնվում։
Ըստ լուրերի՝ նա է «նշանակել» Արտաշատի քաղաքապետին, ՔՊ ցուցակը համալրել է յուրայիններով, աջակցել Գարիկի ընտրությանը Վեդիում եւ դե ֆակտո դարձել Արտաշատում «ասողը»։ Իշխանությունների գիտությամբ է Արգամիչը վաճառել (ըստ որոշ լուրերի՝ նրանց նվիրել) Մոնումենտի դղյակը։ Եվ այս ամենում, ըստ լուրերի, նրան աջակցել է խնամու խնամին՝ Խաչատուր Սուքիասյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում