▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերման Ստերլիգով. հայերը հեռանում են Ղարաբաղից, և սա ԼՂ կառավարության գործունեության արդյունքն է

Ոուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովը, ում հիացրել են ԼՂ բնության գեղեցկությունն ու հասարակ արցախցիների մարդկային որակները, 2015 թ. հուլիսին որոշել էր հաստատվել Լեռնային Ղարաբաղում:

Մեկ տարի չանցած նա արդեն հանդես է գալիս ընդդիմադիր հայտարարություններով...«Լեռնային Ղարաբաղի բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի: Դա նշանակում է, որ մարդկանց, պատկերավոր ասած, ձուկ են տալիս, այլ ոչ թե ձկնորսական կարթ: Այսինքն` քիչ-քիչ փող են տալիս, որ մարդիկ պարզապես սովից չմեռնեն, ինչ որ մի կերպ գոյատևեն: Իսկ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում պետությունը, իշխանությունները ներդրումներ չեն կատարում»:

Այս մասին RBК-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչ, ձեռնարկատեր, մենեջեր, Ռուսաստանի «Ալիսա» առաջին ապրանքահումքային բորսայի հիմնադիրներից մեկը` Գերման Ստերլիգովը:

Նրա վկայությամբ, «մարդիկ հեռանում են Ղարաբաղից եւ դա շատ վատ է: Սա, անշուշտ, ԼՂՀ կառավարության աշխատաոճի արդյունքն է: Եթե այսպես շարունակվի, եթե ժողովուրդը շարունակի լքել Ղարաբաղը, ադրբեջանցիները պարզապես ազատ ու հանգիստ կներխուժեն ԼՂ ու վերջ, որովհետև այստեղ հայազգի բնակչություն այլևս չի լինի»:

Գերման Ստերլիգովը որոշել էր մշտական բնակություն հաստատել Արցախում 2015 թ. հուլիսից:

Հիշեցնենք, որ 49-ամյա գործարար ու ֆերմեր Ստերլիգովը ունի 5 երեխա՝ մեկ աղջիկ, 4 տղա: 1991 թ.-ին արդեն Ստերլիգովը համարվում էր մուլտիմիլիոնատեր, ապա նաեւ՝ միլիարդատեր, իսկ 25 տարեկանում համարվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը:

Նա վիլաներ ունի Կիպրոսում, Լազուրյան ափում, ԱՄՆ-ում եւ ամրոց՝ Բուրգունդիայում: 2002-ին Ստերլիգովը եղել է Կրասնոյարսկի նահանգապետի թեկնածու, 2003-ին՝ Մոսկվայի քաղաքապետի թեկնածու, վերջին տարիներին ավելի շատ զբաղվում է հասարակական գործունեությամբ, ամեն տարի մեծ գումարներ է հատկացնում էկոլոգիական հիմնահարցերի լուծման համար:

Ահա թե ինչպես էր նա բացատրել Ռուսաստանից հեռանալու և ԼՂ-ում բնակվելու իր որոշումը ռուսական REN TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. «Լեռնային Ղարաբաղը սքանչելի, զարմանահրաշ երկիր է՝ հիանալի ժողովրդով: Երջանիկ են հայերը, որ ունեն այսպիսի Հայրենիք, այսպիսի պատմություն, այսպիսի գեղեցկություն, ինչպիսին իրենից ներկայացնում է Ղարաբաղը: Ես շրջել եմ ամբողջ աշխարհում, բայց ոչ մի տեղ չեմ տեսել այսպիսի գեղեցկություն, այսպիսի պտղաբերություն եւ ամենակարեւորը՝ այսպիսի մարդկային հարաբերություններ՝ ջերմ ու բարի: Երջանիկ եմ, որ այստեղ եմ բերել իմ երեխաներին, որովհետեւ ես նրանց պատմել էի տեսականորեն, թե ինչպես պետք է մարդիկ վերաբերվեն միմյանց, որովհետեւ իրականում ժամանակակից Ռուսաստանում այդպիսի հարաբերություններ, ցավոք, չկան: Իսկ Ղարաբաղում դա կա: ԼՂ-ն ունիկալ տեղ է աշխարհում, սա մարդկային հին հարաբերությունների արգելանոց է, որը պահպանել է հայ ժողովուրդը: Այնպես որ, եկեք բոլորդ Ղարաբաղ, որ հասկանաք, թե ինչի մասին եմ ես խոսում, քանզի այդ հարաբերությունները այստեղ պահպանվել են»: 

www.oximity.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее