▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայի արտգործնախարարն արձագանքել է Թուրքիայի պահվածքին

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին երգիծական երգի ցուցադրման պատճառով Անկարայում Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու քայլը, Թուրքիային կոչ է արել հարգել եվրոպական արժեքները: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` պաշտոնական այցով Ուզբեկստանում գտնվող Շտայնմայերը մասնավորապես ասել է. «Կարծում եմ, որ Եվրամիության գործընկեր երկրից կարող ենք հարգանք ակնկալել մեր ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ»: Գերմանացի պաշտոնյան ավելացրել է, որ այդ հարգանքը հումորի և արվեստի հանդեպ պետք է արտահայտվի այնքան, ինչքան որ արտահայտվում է խոսքի ազատության նկատմամբ: Նշվում է նաև, որ նախօրեին էլ Գերմանիայի կառավարության մամուլի փոխխոսնակն է թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ասել, որ խոսքի ազատության հարցում իր երկիրը Թուրքիայի հետ բանակցությունների չի գնա: Թուրքական աղբյուրը, վկայակոչելով գերմանական FAZ գործակալությանը, գրում է, որ այս թեմայով Թուրքիայի նախագահին քննադատել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Յունկերի խոսնակի հայտարարության մեջ ասվել է. «Նախագահ Յունկերը ճիշտ չի համարում ընդամենը մեկ երգիծական երգի պատճառով Թուրքիայի կողմից Գերմանիայի դեսպանին ԱԳՆ կանչելը»,- ավելացնելով, որ, ըստ Յունկերի նման դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է Եվրամիությունից: Հիշեցնենք, որ Անկարայում գերմանիայի դեսպանին կանչելու և նոտա հղելու առիթ հանդիսացած «Էրդողի, էրդողո, էրդողան» (Erdowie, erdowi, erdogan) վերնագրով երգը եթեր է գնացել գերմանական «NDR» պետական հեռուստաալիքի «extra 3-satire» անվանումով հումորային հաղորդման ժամանակ: Երգում ծաղրի է ենթարկվել մամուլի ազատության ու մարդու իրավունքների հանդեպ Էրդողանի վարած քաղաքականությունը:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее