
2025-ին «Խազեր»-ում «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչված Սոնա Ռուբենյանը, անդրադառնալով «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերում ներառվելու մասին որոշ երգիչների գրառումներին, նշել է, որ իր երկրում ու իր ժողովրդի համար երգում է 5 տարեկանից, որոնց սերն ու գնահատականն իր համար ամենաարժեքավորն են։
«Ձեր սերն անգին է, ասել եմ ու կասեմ: Եվ պատրաստ եմ նույն նվիրումով շարունակել իմ ճանապարհը:
Ի գիտություն բոլորի՝ ոչ նախորդ տարի, ոչ էլ այս տարի ինձ չեմ առաջադրել «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում:
Գիտեմ, որ դա արել են քվեարկության միջոցով լսողները, սիրողներն ու այն մարդիկ, ովքեր գնահատում են նշված ու կարճ ցուցակ անցած արտիստների աշխատանքը»,-գրել է Սոնա Ռուբենյանը:
«Խազեր» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2024 թվականին և անցկացվում է ամենամյա ձևաչափով։ Մրցանակաբաշխության անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգի՝ խազերի անունից։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է 17 անվանակարգերով՝ ընդգրկելով ինչպես ժանրային (ռոք, ջազ, դասական, ազգային), այնպես էլ կատարողական, կոմպոզիտորական, հնչյունային և տեսահոլովակայնին անվանակարգեր։ Մրցանակակիրները որոշվում են Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի շուրջ 200 անդամների գաղտնի քվեարկությամբ, որն իրականացվում է հատուկ մշակված համակարգի միջոցով։
Նշենք, որ գրառումներին անդրադարձել է նաև Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիան՝ նշելով, որ անվանակարգերը կազմվում են ինչպես արտիստների սեփական դիմումների համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկության:
«Երկրպագուների 100-ից ավելի ձայներ հավաքելու պարագայում, արտիստները, խմբերն ու նախագծերն ինքնաբերաբար դառնում են մասնակից: Դա խոսում է տվյալ արտիստի ստեղծագործական ակտիվության եւ երկրպագուների համակրանքի մասին: Ակադեմիայի առաքելությունն է ստեղծել մրցունակ դաշտ, որտեղ կգնահատվեն լավագույն արտիստները՝ միեւնույն ժամանակ ոգեւորելով նրանց ներկայացնել նոր ստեղծագործություններ ու նախագծեր»,- նշված է հայտարարությունում:


