Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց` ընդդեմ «Միասնության թևերի» անդամ Լիպարիտ Դրմեյանի` այդպես էլ չնշելով նրա անունը։
Նա ճեպազրույցին նման հայտարարություն արեց` խոսելով ՀԷՑ–ի` արբիտրաժում կառավարությանը հաղթելու մասին։
«Խոսում էին, թե ՀԷՑ–ի սեփականատերերը, կալուգացին (նկատի ունի Սամվել Կարապետյանին–խմբ.) արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին, որը այն ժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն էր–խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ 1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում»,– ասաց Փաշինյանը։
***
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ գործընթաց սկսելու պահանջով, Asekose.am–ին հայտնեցին դատախազությունից։
Այսօր Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հրահանգեց իրավապահներին՝ քննություն սկսել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի նախկին պաշտոնակատար, այժմ «Միասնության Թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի դեմ` ՀԷՑ–ի` արբիտրաժում կառավարությանը հաղթելու գործով։
***
Լիպարիտ Դրմեյանը դեռ չի ծանոթացել Փաշինյանի հայտարարությանը, ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց ինքը` Դրմեյանը։
«Մեկնաբանություն չունեմ, եթե կարիք լինի, հետագայում մեկնաբանություն կտարածենք»,–ասաց «Միասնության թևերի» անդամը։


