Այսօր Վանաձորում բողոքի ցույցի են դուրս եկել Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները, ովքեր պահանջում են չլուծարել այն:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը հերքել էր մասնաճյուղի փակվելու մասին տեղեկությունը` ասելով, որ Վանաձորում ստեղծվում է նոր` Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան, որը ներառելու է և’ պետական Մանկավարժական և Ճարտարագիտական համալսարանները:
Խնդիրն ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորն իր հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` հարցնելով, թե ի՞նչ է լինելու ուսանողների, դասախոսներ, շենքի ճակատագիրը:
Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հարցին` ասաց, որ բարձրագույն կրթության ոլորտում անցկացվող քաղաքականության նպատակը կրթությունն էֆեկտիվ դարձնելն է և գնում են խոշորացման ճանապարհով:
«Ուսանողները դրանից բացարձակ չեն տուժելու, չեն զրկվելու ուսումը շարունակելու հնարավորությունից: Ստեղծվում է ավելի բարենպաստ միջավայր»,-խոսքում ասաց վարչապետը:
Էդմոն Մարուքյանը դժգոհեց, որ հանրային լսումներ չեն կազմակերպվել և, անգամ ինքը, այս մասին տեղեկացել է մամուլից: Ինչին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ հարցը մանրամասն քննարկվել է, բայց ԿԳ նախարարը ևս մեկ անգամ հանրային լսումներ կկազմակերպի և կտրվեն սպառիչ պատասխաններ:
Անի Կարապետյան