▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կանդամագրվի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Թարմացված․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

***

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։
«Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետևանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել։
Հիշեցնենք, որ 9-ամսյա կալանքից հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 2022 թվականի մարտի 28-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց, երբ դատավորը արդարացրեց նրան ընտրական հանցագործությունների հոդվածներով։ Բանտից ազատ արձակվելուց հետո Առուշանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրեն քաղաքական բանտարկյալ չի համարում, պայքարում է հանուն հայրենիքի, առաջին հերթին՝ «ներքին թշնամիների» դեմ։ Առուշանյանը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցել էր նաև Ազգային ժողովի վերջին ընտրություններին, ընտրվել պատգամավոր։

Հավելենք նաև, որ Առուշանյանը մեղադրվում էր երկու տարբեր գործերով։ Այսօր նա արդարացվեց անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։ Այս գործով արդարացվեց նաև սկզբում նրա դեմ ցուցմունք տված, հետո դրանից հրաժարված՝ Գորիսի կազմի մեջ մտնող Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Նա դատարանում զղջացել էր Առուշանյանի դեմ ցուցմունք տալու համար, մինչդեռ նախաքննության ընթացքում պատմել էր, թե Առուշանյանն իրեն հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։

Առուշանյանին վերագրվող երկրորդ քրեական գործը, որով նա մեղավոր ճանաչվեց, առնչվում է 2017 թվականին։ Ըստ իրավապահների` Գորիսի քաղաքապետն իրեն պատկանող ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և վնաս պատճառել շրջակա միջավայրին ու պետությանը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի մեկ այլ դրվագի` Առուշանյանը մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս ու մարմնական վնասվածքներ է պատճառել։

Դեռ դեկտեմբերի 7-ին գրել էինք, որ իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, նախորդ տարվա վերջին ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց և պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Ըստ երևույթին, Առուշ Առուշանյանին էլ է նման բան սպառնացել, ինչի արդյունքում կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее