ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող շինանյութի խանութից ջրատաքացուցիչն առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայում գործող շինանյութի խանութից առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է խանութի դիմաց դրված «Բաքսի» ապրանքանիշի ջրատաքացուցիչը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


