ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը այս ժամանակահատվածում կատարվող բացասական երևույթներից մեկը համարում է առանց սկզբունքի ԱԺ-ում հայտնվելը.
«Խորհրդարանում 60 տոկոսը ոչինչ չի անում: Ժողովուրդն էլ նայում է այս ոչ նորմալ գործընթացին ու հիասթափվում: Այս անգրագիտության, անպատասխանատվության, անորակին ԱԺ տանելու շքերթն ավելի է մեծացել: Ամբողջ քաղաքական դաշտը մեյմունությամբ է զբաղված, մորեխի նման տեղից տեղ են թռչում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը նկատում է՝ ՀՀ նախընտրական այս փուլում գաղափարական հայտեր չեղան.
«Բոլոր քաղաքական ուժերն ասում են, թե ի՞նչ են ուզում, բայց չեն նշում, թե ինչպե՞ս են դրան հասնելու: Բոլորի ծրագրային դրույթներն այսպիսին են՝ «պետք է կրճատել արտագաղթը, կոռուպցիան, լուծել Արցախի խնդիրը»: Քաղաքական պարզունակ այբուբեն կա՝ քաղաքական ուժերը ժողովրդին առաջարկում են ոչ թե այն, թե ի՞նչ են ուզում, այլ՝ ինչպե՞ս են հասնելու դրան: Եվ միակը, որը բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում մեր քաղաքացիներին՝ ՀԱԿ-ն է»,-նկատեց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը խոսեց նաև բնակչության թվի նվազման մասին:
«Գյուղերը դատարկվում են մեծ արագությամբ: Դպրոցների 10 տոկոսը 5 աշակերտ ունի: ՀՀ շուրջ 350 դպրոցում էլ 100-ից քիչ աշակերտ կա: Անցած տարվա մեր ռեկորդն էլ «Գրին քարտի» համար 140.000 հայտերն էին: 60.000-ն էլ արտագաղթել է: Պատճառները մի քանիսն են՝ չկա աշխատանք, կա անարդարություն և պատերազմի վտանգ»,-նշեց Արամ Մանուկյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև Արցախի խնդրին: Նրանց տեսակետը նույնն է մնացել՝ փոխզիջում.
«Այն առաջարկները, որոնք խաղաղություն են բերում երկու ժողովուրդներին և առաջարկվում են հզոր երկրների կողմից, դրանց մասին ոչինչ չի ասվում: Սա է, որ ուզում ենք ձեզ ներկայացնել: Պետք է փորձել պահել այն, ինչ վաստակել ենք 7000 զոհի արյամբ: Եվ այն քաղաքական ուժը, որը կազմակերպել է այդ հաջողությունը՝ ժողովրդի հետ միասին, համարձակություն ունի ասելու, որ հարկավոր է գնալ խաղաղության, որպեսզի ՀՀ-ն ուժեղանա»,-ընդգծեց Արամ Մանուկյանը:
Անի Կարապետյան