Օրեր առաջ ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին փոխանցեց Հակոբ ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:
«Հանդիպման ժամանակ մեզ փոխանցեցին, որ Հակոբի առողջական վիճակը նորմալ է: Շեշտեցին, որ եղանակով պայմանավորված՝ արդեն ձմեռային քաղաքացիական հագուստ են տրամադրել, այլևս ռազմական համազգեստով չէ: Նաև հաղորդեցին, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպելու են Հակոբին, որի ընթացքում մեր նամակը կփոխանցեն նրան և նրա նամակը՝ մեզ»:
ԿԽՄԿ ներկայացուցիչների և Հակոբ Ինջիղուլյանի հարազատների միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին, որի ընթացքում տեղեկացրել են, որ Հակոբը տեղափոխվելու է երրորդ երկիր:
Հարություն Ինջիղուլյանը նշեց, որ այս հանդիպման ժամանակ Հակոբի՝ երրորդ երկիր տեղափոխվելու ժամկետների մասին խոսք չի եղել: Սակայն տեղեկացրել են, որ իրենց փորձի համաձայն՝ սովորաբար երրորդ երկիր տեղափոխվելու համար պահանջվում է 1 տարի, իսկ հայրենիք վերադառնալու համար՝ 3-4 ամիս:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հավաստիացրել է, որ եթե Հակոբը վերադառնա Հայաստան, նրան քրեական հետապնդում չի սպասվում:
Հիշեցնենք նաև, որ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե հիմնավոր կասկածներ ունի, որ Հակոբն իր ցանկությամբ չի տեղափոխվում երրորդ երկիր:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան