Փոքրաթիվ ազգերին բնորոշ է ինքնահաստատման համար սեփական զավակների նվաճումներով պարծենալու անմեղ սնապաշտությունը: Երբ պետությունը թույլ է կամ ընդհանրապես անհայտանում է քաղաքական քարտեզից, ազգերին մնում է ապավինել անհատների հաջողություններին: Միգուցե մենք, հայերս, որոշ ազգերից շատ հիմքեր ունենք նման պարծենկոտության համար, քանի դեռ այն չի վերածվում կույրազգայնամոլությանը: Սակայն ավելորդ համեստությունն ու ինքնանվաստացումը, համեմված օտարամոլությամբ, նույնքան վնասաբեր է մեզ համար եւ միգուցե նոր սերունդն է գտնելու այս երկու ծայրեհեղությունների արանքում ոսկե միջինը:
Հայերին իսկապես բնորոշ է նորարարության ու առաջադիմության հանդեպ յուրահատուկ հետաքրքրությունն ու հակվածությունը: Այսպես կոչված “գլոբալիզացման” առաջապահներն էին մեր հեռավոր նախնիները, ովքեր զարմացնում էին պատմահայր Հերոդոթեսին դեռեւս Բաբելոնի հետ հաստատված հմուտ ու ամուր առեւտրական կապերով: Հենց Տիգրան Մեծի եւ Միհրդատ Պոնտացու հանճարով ձեւավորվեց Մետաքսե Ճամփա կոչված ազատ տնտեսական գոտին եւ մայրուղին Եւրոպայից դեպի Ասիա: Դարեր անց պետություն չունեցող պարսկահայերը մի ամբողջ ազգային նավատորմ էին ստեղծել Եւրոպայի հետ Չինաստանի, Հնդկաստանի եւ Ֆիլիպինների ծովային առեւտուրը ապահովելով ի հեճուկս Բրիտանական կայսրությանը: Սակայն բոլոր այդ տնտեսական ու քաղաքական նվաճումները չէին կայանա, եթե դրանց հիմքում չլինեին ազգի բարձրագույն հոգեւոր պահանջներն ու արժեհամակարգը: Նույն Տիգրան Մեծի վիթխարի ու դեռեւս թերագնահատված սխրանքն է ոչ միայն տարածքային հսկայական նվաճումները, այլ Արեւելքի եւ Արեւմուտքի աստվածների միացման տիտանիկ փորձը, որի հիասքանչ վկայությունն առ այսօր պահպանվել է Նեմրութ լեռան գագաթին: Այդ հոգեւոր պորթկումն է, որ պատրաստել էր ոչ միայն Հայոց Միջագետքի վերջին արքա Աբգար Ե` աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր դառնալու, այլ նաեւ երեք դար անց Տրդաթ Գ կողմից ողջ Հայաստանն առաջին քրիստոնեական պետություն դառձնելու սխրանքները: Պետք է հատուկ շեշտել, որ հայերի պարբերական հոգեւոր առաջնեկությունը ողջ պատմության ընթացքում կրում էր ոչ թե կրոնական, այլ ընդգծված սոցիալական-արդարական ձգտում: Դրա ամենավառ ապացույցն է մեկ այլ թերագնահատված հերոսական էջը մեր ազգային պատմությունից` թոնդրակյան շարժումը , որը IX-XI դարերում սասանում էր հզոր Բյուզանդիայի հիմքերը: Արեւմտյան Հայաստանի տարածքում թափ առած ու յուրատեսակ առաջին սոցիալիստական այս հանրապետությունը միավորում էր Եւրոպայից եւ Արեւմտյան Ասիայից այնտեղ եկող բազմահազար ապստամբների: Նրանց մեջ հայերը կազմում էին այնպիսի մեծ թիվ եւ կարեւորություն, որ բյուզանդացիներն անվանում էին ողջ շարժումը hastatos` հայկական “հաստատներ” բառով` այդպես էին հայերը ընդգծում պայքարելու իրենց հաստատակամությունը: Հետաքրքրական է, որ թոնդրակյանները քարոզում էին սոցիալական արդարություն, հողագործների իրավունքերի ճանաչում, եկեղեցու չարաշահումների վերացում, ինչպես նաեւ կանանց ու տղամարդկանց հավասարությունը: Էլ այլ ինչ է, եթե ոչ առաջնեկության վառ դրսեւորում Մաշտոցի այբուբենը 404 թ., Հակոբ Մեղապարտի տպագրությունը 1512 թ., Շահամիրյանի սահմանադրությունը 1773-ին: Հայերը առաջիններն էին նետվում ոչ միայն հոգեւոր բարձունքների, այլ նաեւ պատմական անդունդների գիրկը: Նույն իդեալիստական միամտությամբ տոգորված ու ոգեորված հայ մտավորականները ողջունում էին ինչպես 1908 թ. երիտթուրքերի, այնպես էլ 1917 թ. բոլշեւիկների աղետաբեր հեղաշրջումերը:
Հայերս առաջինն էինք, որ 1988 թվականին ազգային-ազատագրական պայքարով մարտահրավեր էին նետել հզորագույն գերտերությանը, դրանով իսկ պատրաստելով ԽՍՀՄ անխուսափելի փլուզումը: Այդ օրերին մեզ մոտ էին գալիս հեղափոխության դասընթացներ առնելու Ռուսաստանից, Ուկրաինայից, Բալթյան հանրապետություններից: Քսանհինգ տարի անց, 2013 թվականին, մեզ համար անգամ աննկատ կերպով, Հայաստանը կրկին առաջնորդում է համաշխարհային կարեւորագույն գործընթացը` գաղափարապես սնանկացած քաղաքական կուսակցություններին փոխարինելով քաղաքացիական հասարակության վերկուսակցական նախաձեռնություններով ու դիմադրության ընդհանուր ճակատ կազմող շարժումներով: 2008 թ. մարտի 1-ի ողբերգությունից մինչեւ 2013 թ. ապրիլյան ֆարսը` հինգ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիական հասարակությունն անցավ հասունացման բարդ ճանապարհ` դիմանալուց մինչեւ դիմադրություն: Բնապահպանական շարժումն ու մարդու իրավունքների պաշտպանության խմբերը, բանակում եւ ոստիկանությունում բռնության դեմ պայքարող նախաձեռնությունները, կանանց հավասարության ու քաղաքաշինության օրինականության ջատագովները, սոցիալական արդարությամբ եւ թանկացումներով մտահոգված զանգվածները այսոր կազմել են անհնազանդության, ինքնապաշտպանության ու ինքնակազմակերպման լայն ճակատ: Նախախորհրդարանը ձգտում է իրականացնել ու համակարգել հենց վերկուսակցական միավորման գործընթացը Հայրենիքում ու Սփյուռքում: Հետաքրքրական է, որ աշխարհի մամուլը փաստորեն անտեսում է Հայաստանում թափ առած քաղաքացիական դիմադրության առկայությունը, գիտակցելով դրա վտանգը համաշխարհային գաղութային համակարգի համար: Հատկապես սպառնալից են թվում հայ հասարակության մեջ տարածվող անշահախնդրության եւ քաղաքացիական համերաշխության տարրերը, որոնք ակնհայտ արտահայտվեցին հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ընթացքում, երբ բազմաթիվ մարդիկ սեփական մեքենաներով անվճար տեղափոխում էին համաքաղաքացիներին, խարխլելով իշխող համակարգի գլխավոր սկզբունքը` շահն ու ագահությունը: Հայաստանի քաղաքացիական հասարակության ծավալվող պայքարն այսօր հիմնվում է ինչպես համամարդկային սկզբունքների, այնպես էլ ազգային ու ընտանեկան արժեքների վրա, որոնք վեր են համատարած մրցակցության, “գայլի օրենքի”, շահագործման ու վաշխառության կեղծ օրենքներից: Հայաստանի օրինակը վարակիչ է լինելու ողջ հետխորհրդային երկրների, նախեւառաջ Ռուսաստանի համար, ինչպես դա եղավ քսանհինգ տարի առաջ: Սակայն Իսլանդիայի օրինակն ապացուցում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների պայմաններում հնացած ու սնանկացած կուսակցական, ներկայացուցչական դեմոկրատիան տեղի է տալիս նաեւ բարգավաճ Արեւմուտքում, զիջելով իր տեղը մասնակցային ժողովրդավարությանը: Դրա կարեւորագույն գործիքն է դառձել Համացանցը, որն առաջին անգամ հազարամյակների ընթացքում զրկել է համաշխարհային ու տեղական իշխանություններին նրանց գլխավոր զենքից ու լծակից` տեղեկատվական մենաշնորհից: Սոցիալական ցանցերն ապացուցել էին իրենց արդյունավետությունն “արաբական գարնան” ժամանակ եւ այսօր էլ ծառայում են հասարակական կարծիքի ձեւավորմանն ու կազմակերպչական աշխատանքների համակարգմանը հեղափոխվող Հայաստանում: Ի տարբերություն մեզնից մի քանի տարի շուտ կտրուկ առաջընթաց ապրած Վրաստանից, որտեղ դեռեւս անկայուն բարեփոխումների փորձը արվել էր “վերեւից” եւ այն էլ ակնհայտ արտասահմանյան օգնության ու ճնշման ներքո, Հայաստանում մեծ դժվարություններով ու զրկանքներով ընթացող հեղափոխական գործընթացը հանդիսանում է բացարփակապես ներքին խմորումների եւ ներազգային հասունացման արդյունք: Դա հույս ու հավատ է ներշնչում ոչ թե կարճաժամկետ արտաքին “բարեփոխումների”, այլ հարատեւ, խորքային ու համակարգային փոփոխությունների, որոնց հիմանական կրողն ու հեղինակը լինելու է այս քսանհինգ տարվա ընթացքում ծնված ու ազատատենչ երիտասարդությունը: XXI դարի առաջին սերունդը, որը պայքարում է իր ազատ ու անկախ հայրենիքում ապրելու իրավունքի համար:
Տիգրան Խզմալյանի գրառումը
Ֆեյսբուք