▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնվեցին մեկ պայմանով՝ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա ռուսական նահանգ

Ճգնաժամ՝ ճգնաժամից հետո

Զինված խումբը հանձնվեց մեկ պայմանով՝ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա ռուսական նահանգ

Հուլիսի 31-ին Հայաստանում հանգուցալուծվեց արդեն երկու շաբաթ շարունակվող ներքաղաքական ճգնաժամը: “Սասնա ծռեր” զինված խումբը, որը հուլիսի 17-ից վերահսկում էր Էրեբունիի ՊՊԾ գունդը, զենքերը վայր դրեց՝ հայտարարելով, որ “ռազմագերու” կարգավիճակում կշարունակի պայքարը:

Ի՞նչ փոխվեց Հայաստանում երկու շաբաթվա ընթացքում: Հոգեբաններն ու սոցիոլոգները նշում են ատելության ու ցասման աստիճանի կտրուկ աճը, որը պայմանավորված էր տնտեսությունում և քաղաքականությունում իշխանության ամենաթողությամբ, ոստիկանության դաժանությամբ, որը հուլիսի 29-ին անմարդկային վարք դրսևորեց: Այդ օրը բողոքի ակցիայի մասնակիցներին առաջնորդեցին դեպի երևանյան Սարի թաղ, որտեղ իսկական ջարդ կազմակերպվեց. ծեծվեցին լրագրողներ, քաղաքական ակտիվիստներ, ակցիայի առաջնորդներին ձերբակալեցին առանձնահատուկ դաժանությամբ:

Տարբեր եզրակացություններ են արվում Հայաստանում հոգեբանական բևեռացման աստիճանի հետ կապված. կարծիք կա, որ ոստիկանությանը դիտավորյալ հակադրեցին հասարակությանը, որ այն չկարողանա միանալ ժողովրդին անհնազանդության ակցիաների դեպքում: Կարծիք կա նաև, որ իշխանությունները հատուկ հանեցին իրենց “ժողովրդավարական դիմակը” հասարակությանը վախեցնելու և ապագայի համար զգուշացնելու նպատակով:

Սակայն եթե բարոյահոգեբանական հարթությունից վերադառնանք դեպի հասարակական-քաղաքական, կարելի է արձանագրել, որ Հայաստանում աննկատ նախընտրական պայքար է սկսվել, որը խոստանում է բուռն լինել: Չնայած որ հուլիսի դեպքերը ցույց տվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակը, դրանք նաև ցույց տվեցին, որ ֆորս-մաժոր հնարավոր է ցանկացած պահի:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2017թ-ի գարնանը: Դա 2015թ-ի դեկտեմբերին Սահմանադրությունը փոխելուց ի վեր առաջին ընտրություններն են, երբ Հայաստանը նախագահական հանրապետությունից դարձավ խորհրդարանական: Գարնանը փոփոխվեց նաև ընտրական օրենսգիրքը, և այդ նոր կանոնների համաձայն երկրում պետք է կոալիցիոն կառավարություն ձևավորվի, որի կազմում կընդգրկվեն խորհրդարան անցած ուժերի ներկայացուցիչները:

Տարիներ շարունակ Հայաստանում իշխանությունները ձևավորվել են այսպես կոչված “նախագահական եռանկյունու” շրջանակում, որտեղ տարբեր համադրություններ են եղել. Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի, հետո Սարգսյանն ու Քոչարյանը դուրս եկան Տեր-Պետրոսյանի դեմ: Այժմ, ինչպես նշում են վերլուծաբանները, Սարգսյան-Տեր-Պետրոսյան դաշինք է կազմվում՝ ըննդեմ Քոչարյանի:

Չնայած հավաստի տեղեկություններ չկան այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն է, սակայն ապստամբներին պաշտոնապես աջակցություն է հայտնել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կուսակցությունը, որը քոչարյանամետ է համարվում: Բացի այդ, ներկա իշխանությունների դեմ ամենաակտիվ պրոպագանդա են տանում Օսկանյանի հիմնած լրատվամիջոցները, մասնավորապես՝ “Սիվիլնեթը”:

Չի կարելի միանշանակ պնդել, որ «Սասնա ծռերի» ապստամբությունը կապված է ազգային համաձայնության կառավարության ձևավորման արդեն սկսված գործընթացների հետ: Սակայն պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց. այս կառավարությունում տեղ չեն գտնի այն ուժերը, որոնք սատարում են հարցերը ուժով լուծողներին և “դեպի աթոռ սողոսկողներին”:

Հատկանշական է, որ հուլիսի 31-ին բանտում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում խոսում էր հիմնականում ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին: Ժիրայր Սեֆիլյանը “Սասնա ծռերի” ոչ պաշտոնական առաջնորդն է, որի հրամաններին նրանք պատրաստ էին ենթարկվել, այդ թվում նաև՝ վայր դնել զենքը: Սեֆիլյանի հայտարարությունից հետո, որտեղ նա շարադրել էր իր պահանջներն ու ցանկությունները, “Սասնա ծռերը” վայր դրեցին զենքը:

Եվ նրանք որևէ այլ պահանջ չառաջադրեցին, քան թույլ չտալ, որ Հայաստանը դառնա ռուսական «նահանգ»: Ինքը Սեֆիլյանն իր հայտարարությունում ասում էր, որ պահանջում է Հայաստանից դուրս բերել ռուս սահմանապահներին, ովքեր այժմ պահպանում են Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը: Նա հայտարարեց, որ Հայաստանի սահմանները պետք է պահպանեն հայ սահմանապահները: Իսկ դրանից մեկ օր առաջ «Սասնա ծռերի» առաջնորդներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը հարցազրույց տվեց, որում ապստամբությունն անվանեց ռուսական գաղութացման դեմ պայքար:

 

 

 

Օգոստոսի 1-ին՝ արդեն հանգուցալուծումից հետո, որը բարեբախտաբար առանց արյունահեղության տեղի ունեցավ, ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը, ով իր գնահատականը տվեց տեղի ունեցածին: Նա ապստամբությունը ոչ հեղաշրջման փորձ, ոչ էլ ահաբեկչություն որակեց, բայց քննադատեց հարցերը ուժով լուծելու փորձերը: Միաժամանակ նա ընդունեց, որ երկրին բարեփոխումներ և ազգային համաձայնության կառավարություն է պետք: Սարգսյանը կարծես պատասխանեց Սեֆիլյանի հայտարարությանը և ասաց, որ նման կառավարություն կկազմվի, սակայն մի քանի ամսից՝ հավանաբար նկատի ունենալով գարնանը կայանալիք ընտրությունները:

Սերժ Սարգսյանն իր ելույթում չխոսեց հայ-ռուսական հարաբերությունների և ապագաղութացման մասին, ինչի մասին խոսում էին «Սասնա ծռերը»: Փոխարենը հայտնի դարձավ, որ օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Վլադիմիր Պուտինին: Հայաստանի նախագահի աշխատակազմին մոտ գտնվող աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա Երևանի նախաձեռնությամբ: Հավանաբար, հայ-ռուսական հարաբերություններում իրոք մի իրավիճակ է ստեղծվել, որն անհապաղ հանգուցալուծման կարիք ունի:

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее