Aysor.am-ի փոխանցմամբ քիչ առաջ մեկնարկել է «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարը: Այս պահին համագումարին գրանցվել է 200-ից ավելի պատվիրակ:
Ողջույնի խոսքում համագումարին հրավիրված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել է, որ այն գործընթացը, որը նորից սկսել է ՀՀՇ-ն, ոչ միայն քաղաքական է, այլև արդար, բարոյական և շիտակ:
ՀՀՇ կուսակցության վերահիմնադրման որոշումը, Ա. Սարգսյանի խոսքով, նորի սկիզբ է, վերադարձ դեպի երրորդ Հանրապետություն:
«Չեմ կարող չնկատել, որ այստեղ քիչ չեն մարդիկ, ում համար 3-րդ հանրապետության պատմությունը սեփական կյանքի պատմությունն է: Սա մեծ հարստություն է` պատմության ականատեսը լինել, մեծ փորձ է, որն ունի իր արժեքը` անկախ նրանից, թե ինչ սխալներ են եղել մեր անցած ճանապարհին»,- ասել Ա. Սարգսյանը:
«Հանրապետություն» կուսակցությունը, Ա. Սարգսյանի խոսքով, ՀՀՇ-ի դաշնակիցն է և գործընկերը. «Վստահ եմ, որ մեր բոլորիս նպատակը երկրում համակարգային փոփոխությունների հասնելն է: Իմ խորին համոզմամբ` արդեն վաղուց եկել է գործելու ժամանակը»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում