▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրայինը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀԱՆՐԱՅԻՆ ԴՈւՔՅԱՆԸ
Պետրոս Ղազարյանը երկու օր առաջ հարցազրույց է տվել, որում փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչու ինձ` Լևոն Զուրաբյանիս, չի կանչում Հանրային հեռուստատեսության եթեր: Ահա նրա հիմնավորումը.
«Լևոն Զուրաբյանը նենց սպառնում ա իշխանությանը, որ իշխանությունները զանգեն ինձ ասեն «էս Լևոն Զուրաբյանը 0,7 տոկոս ունի, հանկարծ որ կանչես, կարող ա 1,2 տոկոս լինի՞»: Լավ եմ արել, որ 2024 թվից հետո չեմ կանչել, 24-ից առաջ էլ չեմ կանչել ահագին: Է հետո՞: 2019-ին էլ չեմ կանչել, հետո՞: ... Այսինքն ինքը պիտի ասի՞, որ էս ժամանակահատվածում ինձ պիտի կանչեք հյուր: Իբր վերջին 1 տարում ինչ-որ դարակազմիկ բան ա արել, մենք էլ չենք կանչել: Լավ էլի:»
Իրականությունը հետևյալն է. այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» և Պետրոսի` հանրային եթեր տեղափոխվելուց հետո Պետրոս Ղազարյանը հրավիրել է ինձ եթեր չորս անգամ.
2019 թվականին հունիսի 16-ին,
2020 թվականին հուլիսի 27-ին,
2022 թվականին սեպտեմբերի 20-ին,
2023 թվականին մարտի 9-ին:
Քանի որ իշխանությունների հասցեին մեր քննադատությունը հիմնականում կապված է եղել Փաշինյանի կործանարար արցախյան քաղաքականության և անվտանգության խնդիրների ձախողման հետ, դժվար չի տեսնել, որ իմ հարցազրույցների նկատմամբ երկու տարվա դադարը կապված է եղել 2020 թվականի պատերազմի հետ, իսկ վերջնական արգելքը, որն արդեն տևում է երեք տարի, դրվել է 2023 թվականին Արցախի կործանումից անմիջապես հետո:
Որևէ քննադատության չի դիմանում Պետրոս Ղազարյանի մեր վարկանիշի հետ կապված փաստարկը: Համաձայն «Գելլափ Ինթերնեյշնըլ»- ի նոյեմբերյան հարցման, Հայ Ազգային Կոնգրեսին առաջիկա ընտրություններում պատրաստ են ընտրել կողմնորոշված ընտրողների 2.2%, ինչը ընտրություններից 8 ամիս առաջ և չկողմնորոշված ընտրողների ավելի 46.1%-ի առկայության պայմաններում բավականին ամուր ստարտային վիճակ է ընտրություններում հաջողության հասնելը համար առնվազն շեմը հաղթահարելու առումով:
Էլ չեմ խոսում այն մասին, որ դեկտեմբերի 26-ին Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու է վարչապետի իմ թեկնածությամբ, և սա ինքնին առիթ էր, որպեսզի Հանրայինի եթերը տրամադրվեր իմ հետ հարցազրույցի համար:
Ամենակարևոր խնդիրը, սակայն, այլ է: Իշխանության պրոպագանդան, և, մասնավորապես, Պետրոս Ղազարյանը առիթը բաց չեն թողում հայտարարելու համար, որ ընդդիմությունը չունի խաղաղության այլընտրանքային ծրագիր: Այ սա արդեն բացարձակ ստախոսություն է և կեղծիք:
Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրել է ոչ թե այլընտրանքային, այլ, մեր կարծիքով` ՄԻԱԿ իրատեսական խաղաղության ծրագիրը, որը մենք պայմանականորեն կոչում ենք TRIPP+BRICS. Այդ ծրագրի մեխը Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումն է, որը Հայաստանին թույլ կտա սեփական տարածքում ստեղծել ինքնիշխան տրանզիտային հանգույց բոլոր ուղղություններով, վերականգնելով Հայաստանի անվտանգության համար օդի պես անհրաժեշտ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:
Լավ թե վատ, սա հանրային քննարկմանն արժանի ծրագիր է, որը հերքում է իշխանությունների և Պետրոսի պնդումները այլընտրանքային ծրագրի բացակայության մասին:
Իսկ ճշնարտությունը հետևյալն է. որտեղ որ իշխանությունը տեսնում է, որ գաղափարապես պարտվում է, նա գերադասում է խուսափել բանավեճից: Նիկոլ Փաշինյանը վերածել է Հանրային հեռուստատեսությունը իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ», իսկ նրան հավատարմորեն ծառայող Պետրոս Ղազարյանը, հետեևելով իր տերերի օրինակին, ցինիկաբար պաշտպանում է խոսքի ազատության և ժողովրդավարական նորմերի աղաղակող ոտնահարումները»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее