«Մենք համոզված ենք, որ, այո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը
Դիտարկմանը, որ արդեն հայտնի է՝ այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչը չի լինելու, իսկ Հայաստանի դիրքերը երերուն են, Միրզոյանն ասաց. «ՀՀ դիրքերը ՀԱՊԿ-ում երերուն չեն, և որևէ երկրի դերը որևէ կառույցում պետք է համակողմանի նայել, ոչ թե առանձին վերցրած հարցով»:

Արարատ Միրզոյանը նկատեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ ռազմական անվտանգությունը կապ չունի։
Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև թեժ խոսակցության և վեճի մասին լուրերը: Ըստ Միրզոյանի՝ ամեն երկիր իր շահերն է ներկայացնում. «Եղել է քննարկում, կարծիքների փոխանակում, կարծիքների բախում, և շատ լավ է՝ հասկանալի է՝ ամեն երկիր իր շահերն է ներկայացնում, նորմալ է, որ եղել է անհամաձայնություն»։


