Amerikayidzayn.com-ը գրում է. «ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը տապալել է Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայկական օրինագիծ, ինչի արդյունքում լուրջ հետընթաց է գրանցվել Բաքվի հովանավորությամբ Միացյալ Նահանգներում գտնվող լոբիստների կողմից ակտիվ եղանակով առաջ մղվող կողմնակալ և պատմական փաստերը ոչ ճշգրիտ ներկայացնող օրինագծի համար»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի համաձայն Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատի հանրապետական հանձնախմբում անցկացված քննարկումներից հետո հակահայկական օրինագիծը հետ է կանչվել օրինագծի հեղինակ, հանրապետական կոնգրեսական Լենս Ռասելի կողմից:
Հարավային Դակոտա նահանգ ներկայացված հակահայկական օրինագծի դեմ հանդես եկող օրենսդիրները, ըստ հաղորդագրության, ափսոսանք են հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ օրինագիծը բավականին խորն էր ներթափանցել նահանգի օրենսդրական համակարգ՝ միաժամանակ որպես դրական կողմ նշելով այն հանգամանքը, որ Հարավային Դակոտա նահանգի օրենսդիրները կարողացել են մանրամասն տեղեկանալ հայերի դեմ ուղղված հալածանքների մասին:
Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ներկայացված հակահայկական մեկ այլ օրինագիծ վերջերս տապալվել էր նաև Հավայի նահանգում այն բանից հետո, երբ հայկական համայնքի անդամներն օրենսդիրների ուշադրությունը հրավիրել էին Լեռնային Ղարաբաղում ամրապնդվող ժողովրդավարության վրա:
Աղբյուրը՝ amerikayidzayn.com