Փետրվարի 11-ին ASEKOSE.am-ի խմբագրությունը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ մշակույթի նախարարությանը: Սույն հարցմամբ ցանկանում էինք տեղեկանալ, թե արդյոք ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մասնակցելու է ԱՕԿՍ-ի շենքի և դրան հարակից պատմամշակութային հուշարձանների պաշտպանությանը նվիրված բողոքի ցույցին, որը տեղի էր ունենալու հենց այդ օրը և արդյոք իրականությանը համապատասխանում են մեր ունեցած տեղեկությունները, ըստ որի ԱՕԿՍ-ի շենքի սեփականատերը հենց Հասմիկ Պողոսյանն է և շենքի մի հատվածն էլ վարձակալության է տվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանին, և հենց այդ հատվածում էլ գործում է «Բլեք Բերի» բար-ռեստորանը:
Հինգ օր մտածելուց հետո, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը մեր հարցմանը պատասխան է ուղարկել, որտեղ, իրենց կարծիքով, կան մեր հարցերի պատասախանները, իսկ իրականում պատասխան նամակում «ամեն ինչ իրար է խառնված և լղոզված»:
Ամեն դեպքում, «մենք ջուրը չենք գցի» բաժնի պատասխանատուի աշխատանքը և կներկայացնենք պատասխանը, բայց նախևառաջ ցանկանում ենք կրկնել հարցերը, որոնք մենք ուղղել ենք նախարարությանը.
-Հավաստի՞ են այն տեղեկությունները, որ ԱՕԿՍ-ի շենքի սեփականատերը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է և շենքի մի հատվածն էլ վարձակալության է տվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանին և այդ հատվածում էլ գործում է «Բլեք Բերի» սրճարանը:
Իսկ հիմա պատասխանը.
«Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք.
Փետրվարի 11-ին` ժամը 13:00-ին, Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքերի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչը, ով պարզաբանումներ է տվել Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության /ԱՕԿՍ/ -ի շենքի և դրան հարակից պատմամշակութային հուշարձան-շենքերի տարածքում իրականացվող շինարարության վերաբերյալ: Այն է՝
Աբովյան 3 հասցեում գտնվող հուշարձան-շենքերին հարող տարածքում` Պուշկինի 14 հասցեում, իրականացվող շինարարության վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձան-շենքերի անվտանգությունը ապահովելու նպատակով մինչ շինարարական աշխատանքների իրականացումը պահանջել է հուշարձան-շենքերում կատարել համապատասխան ուժեղացման աշխատանքներ և, հաշվի առնելով տարածքում հուշարձան-շենքերի առկայությունը, կառուցվելիք հյուրանոցային համալիրի նախագծում մշակել համապատասխան ճարտարապետաշինարարական լուծումներ:
ՀՀ մշակույթի նախարարությունն իր իրավասության սահմանում ապահովել է հուշարձանների անվտանգությունը և շինարարության ընթացքում սահմանել հսկողություն:
Հայտնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տրված տեղեկույթի համաձայն Պուշկինի 14 հասցեում հյուրանոցային համալիրի շինության կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին քաղաքաշինական փաստաթղթերը տրվել են օրենքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ, համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից տրվել է փորձագիտական եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և դրանց փոփոխման կարգ»-ի համաձայն:
Ուսումնասիրելով ՀՀ քաղաքաշինության քաղաքաշինական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված փաստաթղթերն ու մասնագիտական պարզաբանումները ՝ նշենք, որ բարձացված հարցը քաղաքաշինական նորմերի տիրույթում է և դուրս է մշակույթի նախարարության լիազորությունների շրջանակից:
Տեղեկացնենք նաև, որ www.ecolur.org ևwww.panArmenian.net կայքերում տեղադրված հոդվածներում զետեղված՝ «Մեր ձեռքին է հայտնվել փաստաթղթերի մի փաթեթ, որը վկայում է պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող երկու կառույցի քանդման մասին» տեղեկույթը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին, Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկին հարող տարածքում գտնվող հուշարձան-շենքերը պահպանելու են իրենց ներկայիս տեսքը և, որպես պահպանության լավագույն տարբերակ, օգտագործվել և օգտագործվելու են օրենքով սահմանված կարգով»:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ի բողոքի ակցիայի կազմակերպիչները հրապարակավ նշել էին, որ իրենք ակնկալում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայությունը կազմակերպվող միջոցառմանը, որի ընթացքում նա կարտահայտի իր պաշտոնական դիրքորոշումը, սակայն նրանց ակնկալիքները չեն արդարացել:
Այսքանից հետո ևս մեկ հարց է առաջանում, եթե նույնիսկ մշակույթի նախարարը մասնակցեր բողոքի ակցիային ու նույնսիկ ելույթ ունենար, որքա՞նով ազնիվ կլիներ իր գործողություններում:
Հուսով ենք` որևէ մեկի մոտ տպավորություն չի ստեղծվի, թե մենք կողմ ենք ԱՕԿՍ-ի շենքի քանդմանը: