▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկադրված պատասխան հրամանատարին

Հունվարի 29–ին ստատուսներիցս մեկում գրել էի. «Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկը՝ Սասուն Միքայելյանը, մտադիր է ազատամարտիկների նոր միություն ստեղծել՝ հենվելով նաև ամիսներ շարունակ ընդվզող զինակիցների բազայի վրա ու հետապնդելով իշխանափոխության խնդիր։ Քաղաքականապես ակտիվ ազատամարտիկներն, անշուշտ, կարող են զբաղվել քաղաքականությամբ, սակայն դա պետք է անեն կուսակցությունների, քաղաքական խմբերի միջոցով։ Օրինակ, ողջունելի է, որ նույն Սասունը, Նիկոլ Փաշինյանի ու մյուսների հետ, հանդես եկավ քաղաքական–քաղաքացիական նախաձեռնությամբ։ Պետք են նաև միություններ, որոնք միավորում են ազատամարտիկներին։ Այդ միությունները, սակայն, պետք է հետապնդեն հասարակական խնդիրներ, սոցիալական հարցեր, իշխանության գործունեությունը վերահսկելով՝ չդնեն իշխանության ձևավորման, փոփոխության խնդիր։ Մի խոսքով՝ ազատամարտիկների միությունները չպետք է խառնվեն քաղաքականությանը, որովհետև, այդ դեպքում՝ քաղաքականության մասնակից է դառնում ոչ թե մարտական ուղի անցած, բայց այսօր հստակ քաղաքական ասելիք ունեցող քաղաքացին, այլ՝ «հրացանավոր մարդը»։ Դա նենգափոխում է քաղաքականությունն, արժեզրկում ազատամարտիկների միավորումը»։
Այս թեմայով այլևս չէի գրի, եթե ավելի քան մեկ ամիս անց իմ ասածին չհակադարձեր Սասուն Միքայելյանը՝ կայքերից մեկին տված հարցազրույցում։ 
Նա ասում է. «…Ու բոլորովին ճիշտ չեն ոմանք, օրինակ` Սուրեն Սուրենյանցը, որ ասում է, թե «հրացանավոր մարդիկ չպետք է գան իշխանության»: Ինքը որտե՞ղ էր, որ ազատամարտիկները գաղափարի համար արյուն ու կյանք էին տալիս: Նույն բանն ասվել է 1998-1999 թվականներին: Այսօր Սուրեն Սուրենյանցի կարգի մարդիկ չպիտի որոշեն՝ ազատամարտիկներն ինչ գործունեություն պիտի ծավալեն պետության ու պետականության ամրապնդման համար: Այսինքն՝ Սուրեն Սուրենյանցի պես մարդը կարող է երկրի ապագայի մասին խոսել, իսկ ազատամարտիկը, որը կյանք ու գաղափար է դրել, երկիրն է պահել ու ազատագրել, իրավունք չպե՞տք է ունենա խոսել ու գործել: Ես նույնպես կողմ եմ, որ հրացանավոր մարդը պետք է հեռանա, ու այսօր այն ոչ հայանպաստ քայլեր կատարող հրացանավոր մարդիկ, որոնք եկել են իշխանության (Մարտի 1-ին էլ կրակեցին ժողովրդի վրա), պետք է հեռանան, որովհետև նրանք կարող են կրակել հայ մարդու վրա: Այդ «հրացանավոր մարդկանց» փողն ուղղված է հայ մարդու ուղղությամբ»։
Հարցազրույցի տոնայնությունն ինձ անկեղծորեն զարմացնում է, որովհետև Սասունն ու ես հարազատներ ենք ու, եթե տարակուսելի բան կար իմ ասածի մեջ, նա տասնյակ անգամներ խնդիրը կարող էր քննարկել ինձ հետ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ լավ չեմ հասկացվել՝ թեև գրել եմ շատ ըմբռնելի ու հստակ հայերենով։
Հետո ինձ զարմացնում է, որ լրագրողը հարցնում է Հայկազ Բաղմանյանի մասին՝ Սասունը հիշում է իմ մասին։
Հիմա՝ բովանդակության մասին։ Շատերը, այդ թվում՝ Սասունը հրաշալի գիտեն՝ ինչով եմ զբաղված եղել պատերազմի տարիներին։ Թեև ուսանող էի, բայց լրագրողի իմ գրիչով, Արցախ հաճախ մեկնելով ու կազմակերպչական կոնկրետ գործեր կատարելով՝ իմ համեստ լուման ունեցել եմ ընդհանուր գործում։ Սակայն, ի տարբերություն շատերի, ճիշտ չեմ համարում հետպատերազմյան իրականության մեջ՝ քաղաքական–քաղաքացիական դաշտում, հանդես գալ անցյալի հաղթաթղթով, կոնկրետ ասելիքի բացը լրացնել անցյալի արած–չարածը տարփողելով։
Այո, 1998-1999թթ–ին զգուշացվել է «հրացանավոր մարդու» քաղաքական հայտի հետևանքների մասին։
Ասողին լսող էր պետք, եթե լսող լիներ, էսօրվա տխուր իրականությունը չէր լինի։
Ի դեպ, «հրացանավոր մարդուն» քաղաքականությունից կտրելու գործուն քայլն արել է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը՝ կանխելով ԵԿՄ–ի քաղաքականացումը, ՀՀԿ–ին ինտեգրելով Երկրապահի միայն քաղաքականացված հատվածին։ Այսինքն, ես ասել եմ այն, ինչ գործնականում փորձում էր իրականացնել Վազգեն Սարգսյանը։
Չգիտեմ՝ որտեղի՞ց է Սասունի այն տպավորությունը, որ ես հավակնել եմ սահմանափակել ազատամարտիկի տեսակետ արտահայտելու կամ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը։
Ես ընդամենն ասել եմ, որ տեսակետ, դիրքորոշում ունեցող ազատամարտիկը քաղաքականությանը պետք է մասնակցի կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնություննրի միջոցով։
Սա տրիվիալ ճշմարտություն է, որովհետև՝ եթե մարդիկ միասին մասնակցել են պատերազմի, դա չի նշանակում, որ նրանք պարտադիր նույն գաղափարների կրողը պետք է լինեն։ Դրա համար եմ ասել, որ ազատամարտիկները չեն կարող միություն ստեղծել քաղաքական հենքով։
Բայց եթե գեներալ Մանվելը կարծում է, որ քաղաքական ասելիք ունի՝ արդարացված է նրա մուտքը խորհրդարան՝ ՀՀԿ ցուցակով։ Նույնը վերաբերում է երկրապահ Ռուբեն Գևորգյանին, ով խորհրդարանում է ԲՀԿ ցուցակով։
Սասուն Միքայելյանը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից ու քաղաքական համախոհների հետ ձևավորել է քաղաքացիական նախաձեռնություն։ Հրաշալի է։
Ի դեպ, եթե ես սխալ լինեի Սասունին ու մյուսներին կհաջողվեր ազատամարտիկների միություն ստեղծել քաղաքական հենքով։
Չհաջողվեց. հիմա էլ ասում են, որ ի սկզբանե ոչ թե միություն էին ուզում ձևավորել, այլ ցանկանում էին ազատամարտիկներին միավորել իշխանափոխության գաղափարի շուրջ։
Փետրվարն անցավ՝ իշխանափոխություն չտեսանք, որովհետև քաղաքականութունն ոչ թե կոնսոլիդացնում, այլ՝ բաժան–բաժան է անում միասին թշնամուն հաղթած տղերքին։
Վերջում էլ նկատեմ, որ ես մեղք չունեմ, որ իշխանությունում հայտնվել են «հրացանավոր մարդիկ»։ Գուցե Սասունն ավելի լավ հիշի՝ ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս հայտնվեցին այդ մարդիկ…

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее