Տասնամյակներ շարունակ Ստեփանակերտը զրկված է եղել Հայոց հավատքի յուր տաճարն ունենալու հնարավորությունից, չնայած դրա կենսական անհրաժեշտությանը:
Եվ այդ բացը լրացնելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ և հավատացյալ հայորդիների բարերարությամբ կառուցվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցին:
Հրաշագեղ այդ կոթողի կառուցմանն անմասն չմնաց նաև « Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որի՝ այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել է տաճարի կառուցման համար ներդնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Գաղտնիք չէ, որ Կարապետյանների ընտանիքը միշտ էլ առաջնային խնդիր է համարում հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումը:
Ուստի նրանք տարիներ շարունակ մեծածավալ ծրագրեր են իրականացրել թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թե Հայաստանի և Արցախի եկեղեցիների կառուցման ու վերանորոգման ուղղությամբ:
Հերթական այս աջակցությունն էլ միտված է հնարավորությունների սահմաններում խթանել Արցախ աշխարհի Մայր տաճարի կառուցմանը: « Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն