▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակության կանխամտածված քրեականացում

Մի ժամանակ մթնեցրած ապակիներով մեքենա կարող էին ունենալ կենտկոմի ու ռայկոմի քարտուղարները միայն:

Հիմա անգամ ժանգոտած մասկվիչների ու տրակտորների վրա կարող ես դրանք տեսնել:

Աշխարհի բոլոր նորմալ երկրներում արգելված է մթնեցնել մեքենաների արջևի ապակիները, ոչ միայն որպեսզի քրեական հանցագործներն ու մարդասպանները չկարողանան առանց երևալու տեղաշարժվել, այլ անվտանգության նկատառումներով:

Մեր մոտ էլ էին մի ժամանակ արգելված, բայց քանի որ ամբողջ հասարակությունը արհեստականորեն քրեականացվել է, իշխանիկներին հարմար է որ հանցագործներն ազատ պտտվեն երկրում, մարդ սպանեն, խեղեն, թալանեն, կողոպետեն, և հանգիստ չքվեն դեպքերի վայրերից, առանց երևալու, նկատվելու, նկարահանվելու: Քանի որ բարոյական արժեհամակարգն է քրեականացված, ամեն մի խլնքոթ իր սելի ապակիները մթնեցնելով իրեն մի փոքր իշխանիկ է զգում:

 

Ինչու է կարծում եք ապաքրեականացվել սպառնալիքը: Մեր երկրում ով ում ասես կարող է ասել. - կսպանեմ, գլուխդ կջարդեմ, ոտքդ համապատասխան տեղից կպոկեմ, և այլն, առանց անհանգստանալու որ իր դեմ քրեկան գործ կհարուցվի, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում նման արտահայտությունները կհամարվեն հանցագործություն, բերանը սպառնալիքով շաղ տվող տխմարին կուղարկեն բանտ մի քանի տարի: Մեզանում այս հանցագործության ապաքրեականացումը բացատրվում է նրանով, որ հնարավոր չէ ապացուցել սպառնացողը կատակով է դա ասել, թե ոչ, և նաև որ հայտնի չէ կարող է արդյոք իրականացնել սպառնալիքը թե ոչ:

Սա էլ է հատուկ մտածված արվել, բարոյական արժեհամակարգը ապականելու նպատակով:

Ցանկացած մեկը կարող է այսօր սպառնալ լրագրողին, իրավապաշտպանին, ցանկացած քաղաքացու, այդով խանգարել նրան խոսել, գրել, քաղաքական ազատություններ վայելել, ընտրել, ընտրվել, և աղմուկ բարձրանալու դեպքում արդարանալ նրանով, որ դա չեն նկատի ունեցել, կամ կատակել են, իսկ նա ում սպառնում են, բնական է որ չի ցանկանա իր կյանքի փորձով ստուգել այդպես է, թե ոչ, որովհետև իրական-չիրական լինելը կարող է պարզվել հետմահու, կամ երբ հիվանդանոցում է լավագույն դեպքում, կամ բանտում:

 

Ապաքրեականացված է զրպարտությունը, ողորդված վարկաբեկումը: Ամեն լակոտ կարող է մարդուն նսեմացնել տարածելով որ ինքն իր վրա կրակում է, կամ տարածել մարդկանց մասին ամեն տեսակի սուտ, վարկաբեկել, մեկսուացնել հասարակությունից նրա կերպարը սպանելով:

 

Ժողովրդավարությունում այսպիսի բաները կասեցվում է բնում, սաստիկ քրեական հանցագործություն է համարվում, որովհետև ոչ մի բան չպետք է խոչընդոտի քաղաքացու ազատ խոսքին և ինքնորոշմանը: Դրանք են ժողովրդավարությունում բացարձակ արժեքները:

 

Այս ամենը տգիտությունից չէ, այլ մանրակրկիտ մտածված հանցագործություն, մեր ցեղի բարոյական արժեհամակարգը փլելու նպատակ հետապնդող, և դրա առայժմ հաջող իրականացման համար հիմնական մեղավորները ոստիկանությունն ու ցածրաստիճան պետական ծառայողները չեն, այլ այն տմարդները, որոնք վերաձևել են սովետական կերպով քրեական օրենսգիրքը, և այն տխմարները, որոնք կոճակ սեղմելով, կամ չսեղմելով, օրենքի ուժ են տվել դավադրությանը:

Նրանք բոլորը հայտնի են անուն առ անուն, ու ոչ մի դեպքում չեն խուսափելու սեփական ժողովրդի ցասումից, անգամ եթե գետնատակ անեն իրենց ամենահեռավոր մայր ցամաքներում:

 

Մենք նրանց բոլորին բերելու ենք պատասխանատվության, կասկած չունեմ, իսկ այն երկրներից, որտեղից նրանց չեն հանձնի այնտեղի իշխանությունները, առևանգելու ենք նրանց, բերենք հայրենիք ճամպրուկների ու ծանրոցների մեջ փակած, ու պատասխանատվության ենք ենթարկելու:

 

Կասկած չունենաք:

 

Վահե Ավետյան

2014.01.14, Երևան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее