ASEKOSE.am-ի տեղեկություններով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շատ շուտով՝ ամենայն հավանականությամբ՝ մինչև այս կիրակի, հրաժեշտ կտա պաշտոնին:
Հասմիկ Պողոսյանը բավական երկար ժամանակ՝ 2008-ից ղեկավարում է այս գերաստեսչությունը: Այս տարիների ընթացքում նրա անունը մշտապես հոլովվել է դժգոհությունների առիթ հանդիսացող աղմկահարույց պատմությունների և նրա կողմից այացրած տարաբնույթ որոշումների հետ:
Օրինակները շատ են՝ ԱՕԿՍ-ի շենքի ճակատագրից մինչև Փակ շուկա ու Գառնի: Չնայած բազմաթիվ արդարացի դժգոհություններին՝ նախարարին գրեթե միշտ հաջողվել է ջրից չոր դուրս գալ:
Հասմիկ Պողոսյանը վաղուց իր համար, գուցե ավելի շատ` իր մտքում, ամրագրել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը, որը շուրջ 1.5 ամիս է՝ թափուր է: Վերջին շրջանում բացահայտվեց, որ թեկնածուների շարքում ներկայացված է նաև նախարարուհին, սակայն իշխանությունները մտավախություն ունեն, որ նախարարի պաշտոնանկությունից հետո վերջինիս օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակումը դժգոհությունների նոր ալիք կբարձրացնի, հատկապես որ թեկնածուների շարքում է նաև աշխարհահռչակ օպերային երգիչ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանն, ում հանդեպ իրենց համակրանքը հայտնում են ոչ միայն արվեստագետներն, այլ հենց` թեկնածուները:
ASEKOSE.am-ի տեղեկություններով՝ այս հարցում ծայրահեղ զգուշավորություն է դրսևորվելու և դրա համար լուրջ մտորելու տեղիք է տալիս բոլորովին վերջերս օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմի՝ «Դեմ եմ»-ի ակցիային միանալու նախադեպը. մտավախություն կա, որ բողոքի մի ակցիա էլ կարող է իրականացվել Հասմիկ Պողոսյանին` Օպերայի տնօրենի պաշտոնում նշանակելուց հետո:
Ուստի, Հասմիկ Պողոսյանի աշխատանքային հետագա ճակատագիրն այս պահին խիստ անորոշ է:
Իսկ մշակույթի նախարարի ամենահավանական թեկնածուն, ըստ մեր տեղեկությունների, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն է: