Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավուօղլուն մեկնելու է Երևան: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան ձեռնամուխ է լինելու Կովկասում խաղաղություն հաստատելու գործին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր10» լրատվական կայքը:
Լրատվամիջոցը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Դավութօղլուի հղած ուղերձներից գծագվող սցենարից կարելի է եզրակացնել հետևյալը` եթե Հայաստանն Ադրբեջանին հանձնի Ղարաբաղի հարակից շրջաններից երկուսը, դա կգոհացնի Ադրբեջանին և հայ-թուրքական սահմանի բացման համար իրական հիմք կստեղծվի :
«Գարունը դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: Սահմանի բացման հարցը կգա օրակարգ: Սահմանի բացումը տնտեսական ճգնաժամ ապրող Հայաստանի տնտեությանը վերակենդանացնող շունչ կհաղորդի: Դուրս կգա, որ հայկական պնդումների `Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան հաջող դիվանագիտական գրոհ արած կլինի և Սփյուռքի` Թուրքիայի դեմ ուղղված աշխատանքները հօդս կցնդեն: Սպասվում է, որ դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ժողովին մասնակցելու համար Դավուօղլուն կմեկնի Երևան»,- գրում է «Հաբեր 10»-ը: