▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առևանգումը, ըստ «Հետք»-ի երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան առաջնագծի հարավարևելյան ուղղության Շիկահողի հատվածում, ավելի կոնկրետ, ինչպես նշել է աղբյուրներից մեկը, դեպքը գրանցվել է Ճակատեն և Շիկահող գյուղերի միջակայքում՝ Կռնասիխութ սարից ոչ շատ հեռու:

Ճակատեն-Շիկահող հատվածում հակամարտ զորքերի որոշ դիրքեր գտնվում են անտառապատ տեղամասերում, ինչը դիվերսիոն ներթափանցման ժամանակ քողարկման լավ հնարավորություն է ընձեռում:

Ի՞նչ է հայտնի պաշտոնական տեղեկատվությունից
Մայիսի 26-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն հերքեց ադրբեջանական կողմի լուրերն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարեւելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել: Քիչ ավելի ուշ ՊՆ-ն հայտարարեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, ընդհատվել է կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող ԶՈւ 2 զինծառայողի հետ: Այս երկրորդ հաղորդագրության մեջ ՊՆ-ն չի կոնկրետացրել առաջնագծի ուղղությունը, սակայն տրամաբանական էր ենթադրել, որ երկու հաղորդագրությունները նույն ուղղությանն են առնչվում եւ կապ ունեն միմյանց հետ:

Մայիսի 27-ին ՊՆ-ն հաղորդեց, որ հայտնաբերվել է կորած զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել մարտական հենակետերի համար նախատեսված սննդով ու ջրով:

«Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: Հայտնաբերված մեքենայում նաեւ առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու եւ տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առեւանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- հայտարարեց ՊՆ-ն՝ հրապարակելով նաեւ անտառում լքված բեռնատարի լուսանկարներ, որի թափքում երեւում են ջրով լի տարաներ, իսկ վարորդի խցիկում՝ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հրապարակեց ենթադրաբար ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ զինծառայողների անունները՝ Հարություն Յուրիկի Հովագիմյան եւ Կարեն Աշոտի Ղազարյան: Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը աղբյուրին հայտնել է, որ Հ. Հովագիմյանը կապանցի է, պայմանագրային զինծառայող, իսկ Կ. Ղազարյանը՝ պարտադիր ժամկետային զինծառայող է:

Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ հաղորդագրության՝ զինծառայողներ Հովագիմյանը եւ Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18:30-ին, «ԿամԱԶ-43114» մեքենայով սնունդ են տեղափոխել իրենց զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկը, ինչից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈւ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր «ԱԿ-74» ինքնաձիգ, սակայն զինծառայողները չեն գտնվել: Նախնական տվյալներով, ըստ ՔԿ-ի, հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը եւ առեւանգել հայ զինծառայողներին:

«Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առեւանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՔՕ 191-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ,- հաղորդել է Քննչական կոմիտեն,- իրականացվում են վարույթային եւ ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու եւ զինծառայողների առեւանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»:

Կռնասիխութի ուղղության հայկական դիրքերը
Համայնքապետ Գ. Փարսյանը աղբյուրի հետ զրույցում հաստատել է, որ միջադեպը գրանցվել է Կապան խոշորացված համայնքի տարածքում, բայց հրաժարվել է որեւէ հստակեցում անել կոնկրետ տեղանքի վերաբերյալ: Հայկական լրատվամիջոցներում, սակայն, շրջանառվել է Կապանի կազմում ներառված Շիկահող գյուղի անունը: «Ազատություն» ռադիոկայանը, օրինակ, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել այս գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Շիկահողցի Սամվել Աղաբեկյանը լրատվամիջոցին ասել է, որ այդ հատվածում ավելի բարձր տեղակայված հայկական դիրքեր կան, ու ենթադրել է, որ ադրբեջանցիները հաջողացրել են դարանակալել խիտ անտառում. «Խիտ անտառ ա, ճանապարհն էլ անտառի միջով գնում ա»։ Նկատենք, որ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի տարածքները շրջապատված են «Շիկահող» պետական արգելոցի անտառներով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее