Armtimes.com-ը գրում է. Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժած Հայկ Բաբայանի նպատակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործունեության վերաբերյալ դժգոհություն հայտնելն էր: Կայքի հետ զրույցում նա նշեց, որ դա ոչ միայն իր, այլեւ շատերի բողոքը բարձրաձայնելու միջոց էր:
«Դաշտ ներխուժելու նպատակը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ իր գործկոմի դեմ բողոքի ակցիա իրականացնելն էր: Եվ սա ոչ միայն իմ, այլ ամբողջ ազգի ակցիան էր: Նա ուղղակի կործանում է մեր ֆուտբոլը, շատ է խոչընդոտում մեր ֆուտբոլի զարգացմանը: Ըստ իս՝, հասա իմ ուզածին, ամեն ինչ հաջող ստացվեց, նույնիսկ ավելի լավ, քան կարծում էի»,-ասաց նա:
Հայկ Բաբայանը «Առաջին հայկական ճակատի» (ՖԱՖ) անդամներից է, սակայն ընկերները տեղյակ չեն եղել, թե ինչ է նա պատրաստվում անել խաղի ժամանակ: Թեեւ արդեն մի քանի ամիս է, ինչ ՖԱՖ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ փոխհարաբերությունները լարված են, սակայն սա եղել է ոչ թե ֆան ակումբի, այլ անձամբ Հայկի նախաձեռնությունը:
«ՖԱՖ-ից եմ, սակայն բառացիորեն ոչ ոք չգիտեր այս ամենի մասին, նույնիսկ հարազատներս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ տեղի ունեցածի առնչությամբ ՖԱՖ-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից դեռեւս ոչ մի արձագանք չի ստացել:
Երիտասարդն անդրադարձավ նաեւ խաղադաշտում իրեն կանգնեցրած ոստիկանների պահվածքին: Նա նշեց, որ իր վրա ճնշում չեն գործադրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում