▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը և Թուրքիան բախվել են Ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հարութ Սասունյան      

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նստաշրջանի` «Պատերազմ ու նրա դասերը. մնայուն խաղաղության որոնումը» խորագրով քննարկմանը, իր խոսքն սկսեց Թուրքիայի մասին նրբորեն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար դերի վերաբերյալ. «ավելի խորացնել հաշտեցումը ժողովրդների միջև` ընդհանուր պատմության և տագնապալի անցյալի հիշողության հիման վրա: Հաճախ այս գործընթացը ենթադրում է ավելին, քան պարզապես հռչակագրերի և բանաձևերի ընդունումը, այցելություններն ու ծաղիկներ դնելը զոհերի հուշարձաններին կամ պայմանագրերի ու արձանագրությունների ստորագրումն ու ձեռքսեղմումները: Որպեսզի հաշտեցումը տևական լինի, անհրաժեշտ է կարգավորել անցյալը, ճանաչել և ընդունել կատարված հանցագործությունների ողջ պատասխանատվությունը»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունից դասեր քաղելուն, դեսպան Նազարյանը հատկապես նշեց, որ «հաշտեցման գործընթացը կարող է ձգձգվել տասնամյակներ կամ նույնիսկ սերունդներ: Սա արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ»: Հայաստանի ներկայացուցիչը շարունակեց՝ պնդելով, որ «զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգնման համար»:

Դեսպան Նազարյանը նաև նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ժողովուրդների միջև իսկական հաշտության համար. «հաշտեցման հարցում հաջողության հասած ազգերն ու ժողովուրդները սովորաբար անցել են ընդարձակ գործընթաց արդարության վերականգնման համար, որը ներառում է նաև փոխհատուցում զոհերին և նրանց ժառանգներին` նրանց ազգային արժանապատվության և ինքնության վերահաստատման նպատակով: Նաև հրատապ է միաձայն դեմ արտահայտվել պատմության աղավաղմանը, պատմական ոճրագործությունների մերժմանը և ժխտողականությանը»:

Զարմանալի չէ, որ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Հալիթ Չեվիկը պատասխան խոսքում ավելի շատ կենտրոնացավ ապագայի, այլ ոչ թե իր երկրի արյունոտ անցյալի վրա: Չգիտակցելով, որ նա դատապարտում է իր իսկ երկիրը, թուրք պատվիրակը պնդեց, որ «բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են առավել ծանր  ոճիրների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ցեղասպանության և պատերազմի հանցագործությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Այնուհետև դեսպան Չեվիկը շարունակելով խոսքը կրկնեց իր կառավարության մաշված ժխտումները, հաստատելով, որ «ցեղասպանության անհիմն պնդումները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ երբեք օրինականորեն կամ պատմականորեն հիմնավորված չեն եղել: Նույն կերպ, չկա ոչ քաղաքական, ոչ իրավական համաձայնություն այդ իրադարձությունների բնույթի վերաբերյալ... Մենք կարծում ենք, որ պատմությունից թշնամանք քաղելով, փորձելով ուրիշների վրա գցել մեղադրական և անցյալի վերաբերյալ միակողմանի տեսակետ, և կոչ անելով ընտրովի կարեկցանքի, ճիշտ ճանապարհ չէ հարգանքի տուրք մատուցելու համար բազմաթիվ թուրքերի, հայերի և այլոց հիշատակին, որոնք կորցրել են իրենց կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի կարևոր է առերեսվել պատմությանն ամբողջությամբ, և պատմական փաստաթղթերի ու արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով միգուցե հնարավոր լինի ճիշտ դասեր քաղել պատմությունից ու հասնել ընդհանուր արդար հիշողության»:

Դեսպան Նազարյանը օգտվելով պատասխանի իր իրավունքից, խորին ափսոսանք հայտնեց լսելով թուրք ներկայացուցչի «խեղաթյուրված բացատրությունները Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի առնչությամբ, որը խլել է Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի տիրապետության օրոք ապրած 1.5 միլիոն հայ մանուկների, կանանց և տղամարդկանց կյանքը...  Այն սկսվել էր 1915 թվականի Ապրիլի 24-ին և շարունակվել մինչև 1923 թվականը. դա մի ողջ ժողովրդի համակարգված և ծրագրված սպանդ էր»: 

Մանրամասն նկարագրելով տեղահանություններն ու ջարդերն ընդհուպ մինչև ցեղասպանություն, դեսպան Նազարյանը հաստատեց, որ «այս ոճրագործությունը ճանաչվել է [ՄԱԿ-ի] բազմաթիվ անդամ պետությունների և միջազգային կառույցների, ներառյալ` ՄԱԿ-ի ու դրա ստորադաս մարմնի` Խտրականության վերացման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից»:  

Դեսպան Նազարյանին ուղղված իր երկրորդ պատասխանում Թուրքիայի ներկայացուցիչն ավելի զգուշավոր դարձավ իր ժխտողականության մեջ. «Մենք չենք ասում, որ 1915 թվականին ոչինչ տեղի չի ունեցել: Այդ իրադարձությունները չեն համապատասխանում [ՄԱԿ-ի] 1948 թ կոնվենցիայով սահմանված ցեղասպանության նկարագրությանը: Այժմ Հայաստանի պատվիրակությունը 1915 թվականի իրադարձությունները բարձրացնում է որպես ցեղասպանություն, առանց դրա վերաբերյալ որևէ բանաձևի կամ Միջազգային դատարանի որոշման: Այսպիսով, ինչ եք ակնկալում, որ մենք ...», մինչ թուրք դեսպանը կավարտեր հայտարարությունը, հնչեց նրա բջջային հեռախոսի զանգը` ընդմիջելով նրա նախադասությունը:

Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թվում է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական գործողություններին, այնքան ավելի շատ են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը: Ընդ որում, շնորհիվ թուրքական պատվիրակության տված երկու պատասխանների դեսպան Նազարյանի հայտարարությանը, պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը լայնորեն քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее