Մեկնարկեց Եվրոպական Առաջին Ամառային խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը գորգ ելավ Մուսա Մուրթազալիևը: Նրա մրցակիցը թուրք Ահմեդ Բիլիջին էր: Գոտեմարտի ավարտից 20 վայրկյան առաջ 3-4 հաշվով պարտվող Մուսան նետվեց գրոհի, հասավ մրցակցի ոտքին ու փոխադրեց նրան:
Մրցավարները չգնահատեցին գործողությունը, սակայն մեր մարզիչների բողոքարկումից հետո արդարությունը վերականգնեցին և Մուրթազալիևը շարունակում է պայքարը:
Մուսա Մուրթազալիևը այնուհետև երկրորդ հաղթանակը տարավ: Մեր ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում գոտեմարտեց Իսպանիան ներկայացնող, ազգությամբ օս Նասկիդաևի հետ: Ու կրկին ամեն ինչ վճռվեց վերջին վայրկյաններին: Մուսան իր բացառիկ մարտական ոգու շնորհիվ վաստակեց 2 միավոր և հաղթեց 3-2 հաշվով: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը կգոտեմարտի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ:
61 կգ քաշային կարգում պարտություն կրեց Վոլոդյա Ֆրանգուլյանը: Աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին մի դրվագում Վոլոդյան փոխադրեց, սակայն մրցավարները չգնահատեցին հնարքը: Վոլոդյան ամենայն հավանականությամբ դեռ կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:
Մի քանի րոպե հետո էլ կկայանա Լևան Բերիանիձե (Հայաստան) - Հաջիմուրադ Գացալով (Ռուսաստան) գոտեմարտը: