▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հարուստնե՛ր, կամ վերցրեք ձեր փողերը, գնացեք այստեղից,կամ գոնե կեսը տվեք, որ զինվի բանակը

«Ես ոչ մի անգամ կոնկրետ զրույց չտեսա ժողովրդի հետ: Անեկդոտ կա. Մի մարդ ոսկե ձկնիկ է բռնում, ձուկը հարցնում է, թե ի՞նչ ես ուզում անեմ քեզ համար, որ ինձ բաց թողնես: Առաջարկում է փող, ասում է՝ ունեմ, տներ, կանայք, էլի ասում է, որ ունի՝ նշելով. բայց մեկ բան չունեմ՝ պատերազմի հերոսի շքանշան: Ոսկե ձկնիկն ասում է՝ կանեմ: Տանկեր են գալիս, սա անընդհատ հարվածում է, վերջում, թե վայ, հորս արև, հետմահու էր տալու կոչումս: Հիմա ՀՀ նախագահը երևի մեզ հետ ուզում է հետմահո՞ւ զրուցել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ հայտնելով իր դժգոհությունը՝ կորցրած տարածքների, դրանց կարևորության մասին ճիշտը չհայտնելու վերաբերյալ:

«Սկզբում ասացին փոքր տարածք ենք կորցրել, ապա՝ քիչ-քիչ շատացրեցին չափը, հետո ասում էին կարևոր նշանակություն չունի կորցրած  տարածքը, պարզվեց՝ լավ էլ կարևոր է: Մի հայտնի պատմություն կա.մեկը ոչխարն արածեցնում է, երկու անգամ   խաբում է, թե գայլերը վրա են հասնում, ժողովուրդը հավաքվում, գալիս տեսնում է, որ  ստում է, երրորդ անգամ ճիշտ է ասում, ոչ ոք չի հավատում: Այսինքն, մի բան, որը ստի վրա է հիմնված, ժողովուրդն էլ չի հավատում: Երեկ լսում եմ վարչապետի խոսքը, ասում էր՝ պետք է օպտիմալացնել:  Այ մարդ, ի՞նչն եք օպտիմալացնում։ Մեկ հորդոր ունեմ. Հայաստանի հարուստնե՛ր, կամ վերցրեք ձեր փողերը, գնացեք այստեղից, կամ, եթե ինչ-որ չափով հայրենասիրության զգացողություն ունեք, այդ փողից գոնե կեսը տվեք, որ զինվի բանակը, թե չէ կողքի կանգնած գեղեցիկ խոսում եք միայն»,-նշեց ռեժիսորը:

Երաժիշտ Արտավազդ Բայաթյանն էլ հավելեց.

«Մեր ժողովուրդն իմաստուն է, եթե ճշմարտությունը ասվեր, հաստատ խուճապ չէր առաջանա: Պետք չէ թշնամուն թույլ ներկայացնել,  ոչխար անվանել: Մենք լուրջ հակառակորդի հետ պետք է պատրաստ լինեք մարտնչել: Երբ քիչ-քիչ են ասում ճշմարտությունը, մենք էլ ասում ենք՝ այդ ո՞նց, բա նրանք ոչխար էին, բա սա ո՞նց եղավ: Ցավալի է, բայց փաստ. ունեցել ենք 3 նախագահ, որոնցից և ոչ ոք ցույց չի տվել՝ որտեղից եկավ, ինչ է ուզում և ուր է ուզում մեզ տանել»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее