Հայաստանի հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթեր» մարզադաշտում: Այս անգամ մեր թիմի մրցակիցը Սալվադորի հավաքականն էր:
Արդեն 2-րդ րոպեին Սալվադորի հավաքականի պաշտպան Խավիեր Գարսիան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 6 րոպե անց Հովհաննես Համբարձումյանը հաշիվը դարձրեց 2-0:
Երկրորդ կեսում ևս երկու գոլ խփվեց, ընդ որում, առաջին դեպքում` 68-րդ րոպեին ևս ինքնագոլ գրանցվեց: Ալեքսանդր Մենդոսան, խանգարելով Տիգրան Բարսեղյանին, երրորդ գնդակն ուղարկեց իր թիմի դարպասը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Գեղամ Կադիմյանը, ով եզրափակեց Մխիթարյանի հիանալի փոխանցումը:
Այսպիսով, մեր թիմը հաղթեց 4-0 հաշվով: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականը 7-1 հաշվով ջախջախել էր Գվատեմալայի հավաքականին:
Հայաստան - Սալվադոր 4-0
գոլերը` Գարսիա 2 (ինքնագոլ), Համբարձումյան 8, Մենդոսա 68 (ինքնագոլ), Կադիմյան 77
Աղբյուրը՝ ArmFootball.com