▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է դրսում». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը, նա կրկին պատասխանել է քաղաքացիների հարցերի։

Հարցին՝ արդյոք կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և եթե լինեն, ՀՀԿ-ն կմասնակցի՞, Աշոտյանն այսպիսի պատասխան է տվել. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է դրսում, այն ուժային կենտրոններում, որոնց սպասարկում է Փաշինյանը։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021 թվականի խորհրդարանական արտահերթի դեպքում։ Գիտեմ, որ ՀՀԿ-ում նման հարց չի քննարկվել դեռ։ Կարծում եմ՝ իմ կուսակցության կայացրած որոշումը մի շարք սկզբունքային հարցերից է կախված լինելու, որոնցից կարևորագույնը հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանությունն է։ Պարզապես Խորհրդարանում հայտնվելը, ինչը Հանրապետականի` որպես քաղաքական դաշտի առաջատարներից մեկի համար, կարևոր խնդիր է, չի կարող լինել միակ հիմնավորումը մասնակցության համար։ Հնարավոր արտահերթի դեպքում կարիք կլինի հստակեցնել մեր պոտենցիալ մասնակցության նպատակները և առաքելությունը»:

Թարմացված․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հարցին՝ Փաշինյանն ազատել է աշխատանքից Լոռու մարզպետին, առհասարակ նա խառն է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ,  պատասխանել է. «Հայ ժողովրդի գլխին այդքան աղետ բերած, այդքան ստեր` թե ներսում, թե դրսում ասած, այդքան ստորություններ և մեղքեր գործած մարդը, անշուշտ, պետք է, Ձեր ասած՝ «խառը» լինի։ Այդ խառնաշփոթը, նախևառաջ, իր գլխում է, իր հոգում է, իր սրտում է (Ամանորի օրերին գուցե նաև` ստամոքսում)։ Եվ թեպետ Փաշինյանը մինչ այսօր այդքանից հետո դրսևորում է «քաղաքական կենսունակության» ռեկորդներ, քաղաքական անմահության հասնել դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Ուստի անխուսափելի է այն օրը, երբ իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը։ Որոշակի տիեզերական արդարություն կա Նիկոլի կադրային չարիքի մեջ, բայց մի տեսակ կիսատ է, քանի դեռ չի տարածվել անձամբ իր վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее