▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կարմրուկի բերովի դեպք է արձանագրվել

Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի:

 

 

Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական  բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։

Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները:

Ծայրահեղ ծանր, մահվան ելքով ավարտվող բարդություններից է ենթասուր սկլերոզային  պանենցեֆալիտը, սա կարմրուկային էնցեֆալիտի  դանդաղ ընթացող ձևն է, որն ավելի  հաճախհանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարմրուկով հիվանդացել են մինչև  2 տարեկանը  և մի քանի ամիս հետո բերում է հիվանդի մահվան:

Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկիբռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն է Ուկրաինան, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее