Միջազգային մամուլի ուշադրություն կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Հայաստանում կրքերը բորբոքվում են, մինչդեռ երկիրը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, գրում է Reuters-ը՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին։ «Խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո բախումներ սկսվեցին ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք դատապարտում են նրա քաղաքականությունը, այդ թվում՝ գյուղերի հանձնումը Ադրբեջանին, և պահանջում նրա հրաժարականը»,- նշում է գործակալությունը։ «Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարների դեմ»,- գրում է Radio Free Europe-ը՝ կադրեր ցուցադրելով։ «Հայաստանի Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ոստիկանությունը կատարում է օրենքով վերապահված պարտականությունները»,- շեշտում է TRT-ն։ РБК-ի տեղեկացմամբ՝ երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 70 մարդ է վիրավորվել, ավելի քան 50-ը՝ ձերբակալվել։ «Հայտնի է, որ Հայաստանի խորհրդարանում Փաշինյանի խոսքերից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։ Այս ամենը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ֆոնին»,- տեղեկացնում է News.ru-ն։ Al Arabiya-ի հաղորդմամբ՝ նախօրեին Երևանում տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հակակառավարական ցույցի ժամանակ։ «Մի քանի հազար մարդ հավաքվել է խորհրդարանի շեքի մոտ՝ բողոքելու ոխերիմ թշնամի Ադրբեջանին Հայաստանի հողերը զիջելու դեմ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շենքի ներսում պատասխանում էր օրենսդիրների հարցերին»,- նշում է պարբերականը։ Eurasianet-ը գրում է․ «Հայաստանի վարչապետը շեղում է ցուցարարների ուշադրությունը․ նրա հայտարարությունները, կարծես, բթացնում են հայտնի հոգևորական Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժման թափը։ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստում հայտնել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրսբերման մասին»։ Պարբերականը մեջբերում է Փաշինյանի խոսքը․ «պետք է դուրս գալ, այլ ճանապարհ չկա»։ |
«Հայաստանում կրքերը բորբոքվում են»․ միջազգային մամուլի արձագանքը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet