▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում մալարիայի բերովի դեպքերն ավելացել են. ԱՆ-ը զգուշացնում է

Հայաստանում այս տարի նկատվում է մալարիայի բերովի դեպքերի ավելացում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր: 2018թ. գրանցվել է մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը մայիսին, 3-ը` սեպտեմբերին, բոլորն էլ աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։ Հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացել են համապատասխան բուժում։

 

 

 

 

 

 

 

 2018թ. ՀՀ-ում արձանագրված մալարիայի բերովի 5 դեպքերի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական և միջատաբանական հետազոտություններ։

Ներկա փուլում մալարիայի համաճարակաբանական հսկողության հիմնական խնդիրը մալարիայի համաճարակային բարվոք իրավիճակի պահպանումն է՝ բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման միջոցով: Այդ նպատակով, մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց առողջապահության նախարարությունը հորդորում է մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերման համար իրականացնել արյան լաբորատոր հետազոտություն:

Մալարիայի հետազոտությունները կարող են իրականացվել բոլոր կլինիկախտորոշիչ լաբորատորիաներում՝ կիրառելով արյան հաստ կաթիլի և քսուքի հետազոտման մեթոդը, նմուշառումը՝ մատից։ Հետագայում պատրաստուկները հսկողական հետազոտության են ենթարկվում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծաբանական լաբորատորիայում:

Մալարիան շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Թեև աշխարհում 2000 թվականից սկսած մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, ներկայում էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1994 թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսել են արձանագրվել Եռօրա մալարիայի դեպքեր, որոնք շարունակվել են մինչև 2005 թվականը: Համակարգված պայքարի շնորհիվ 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել, և 2011-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք: 2006 թվականից սկսած հանրապետությունում արձանագրվել են միայն եզակի բերովի դեպքեր Աֆրիկա մայրցամաքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее