▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայատանում «Մայդան» չի լինի. Լավագույն դեպքում՝ նոր «Մարտի 1»

Ուկրաինայում ծայր առած հեղաշրջման գործընթացի սկզբից ի վեր հայաստանյան մեր քաղաքական-հասարակական գործիչների մի մասը խոսում էր այն մասին, որ այստեղ ևս անհրաժեշտ է իրականցնել «Մայդան»: Փետրվարի 21-ից հետո, երբ մայդանյան ընդդիմությունը վերջնակաապես իր ձեռքը վերցրեց կենտրոնական իշխանությունը, երևույթն ավելի ոգևորեց և գրգռեց այն հատվածը, որը ձգտում է օր առաջ հեղաշրջում տեսնել մեր երկրում: Կարծում եմ այս հարցը պետք է դիտարկել մի քանի կողմից: Նախ պետք է վերլուծել և հասկանալ, թե ինչ է «Մայդանը», ինչ տվեց «Մայդանը» Ուկրաինային, որպեսզի կարողանաք հասկանալ թե ինչ կարող է դա տալ մեզ, իսկ արդեն դրանից հետո փորձենք հասկանալ արդյոք հնարավոր է Հայաստանում «Մայդան» թե ոչ: 

Եկեք շատ օբյեկտիվ կերպով հասկանաք, թե ինչ է նշանակում այս «Մայդանը»: Բացի Արևմտյան գունավոր հեղափոխությունների սցենարից, որը կրկնվում է աշխարհի տարբեր մասերում, սկսած պոստսովետական տարածքից վերջացրած Միջին արևելիյան տարածաշրջանով, որին մենք ականատես եղանք «Արաբական գարնան» տեսքով, ես ուրիշ այլ կերպ չեմ կարողանում ընկալել այս երևույթը և առավելևս չեմ կարողանում տեսնել այլ արդյունք քան այն ինչ տեղի է ունենում այդ հեղափոխություններից հետո: 

Արևմուտքում գնում են նման քայլերի, երբ զգում են, որ կարող են պարտվել աշխարահաքաղաքական պայքարում, կամ էլ երբ փորձում են փոխել հենց այդ նույն աշխարահաքաղաքական պատկերը հօգուտ իրենց: Խնդրում եմ ճիշտ հասկանալ ինձ: Այնպես չէ, որ Կիևում ցուցարարներն ամբողջությամբ ծախված դավաճաններ են (էին) և գիտակցված գործիքը Արևմուտքի ձեռքում, բայց ախր փաստը մնում է փաստ, որ կամա թե ակամա այդ մարդիկ իրոք դառնում են գործիք աշխարահքաղաքական շահերի բախման արդյունքում: 

Ինձ պարզապես հետաքրքիր է, թե ով չգիտե, որ Արևմուտքը մինչ վերջերս երկու ձեռքով և ոտքով աջակցում էր Յանուկովիչին: Ի վերջո Յանուկովիչն այն թեկնածուն էր, ով եկավ իշխանության` խոստանալով երկիրը տանել ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության և ինտեգրման, բայց Վիլնյուսի գագաթաժողովից հետո նա դարձավ Արևմուտքի աչքի գրողը: Այնտեղ հասկացան, որ սխալ մարդու վրա են հույս դրել և այժմ կարող են Ուկրաինան ձեռքից վերջնականապես բաց թողնել, իսկ թե ինչ եղավ դրանից հետո մենք տեսնում ենք այսօր: Իշխանոթյան են եկել այսպես ասած դեպի Արևմուտք ձգտող ուժեր: Բայց արդյո՞ք դա այդպես է, և եթե այո, ապա ինչ գին են վճարելու Ուրաինան որպես պետության և ուկրաինացիք որպես ժողովուրդ դրան հասնելու համար: Շատ չխորանալով ասեմ, որ այսօր Ուկրաինան կանգնած է լուրջ քաղաքական-տնտեսական ճգնաժամի եզրին, իսկ եթե ավելի պատկերավոր ասենք, Ուկրաինան կարող է կորցնել իր պետականությունը և մասնատվել լավագույնը դեպքում երկու մասի և հայտնվել չափազանց ծանր սոցիալ-տնտեսական վիճաում, որի մասին արդեն անթաքույց խոսում են թե´ երկրի ներսում, թե´ արտասահմանում: 

Փորձենք զուգահեռներ տանել Հայաստանի հետ: Տեսեք, այնպես չէ, որ Հայաստանը աշխարհաքաղաքական պայքարի մեջտեղում չէ, կամ էլ հետաքրքիր չէ որպես «պայքարի առարկա», պարզապես իրավիճակն է անհամեմատ տարբեր: Հայաստանը ունի Արցախի խնդիր և թե´ ռազմա-քաղաքական, թե´ տնտեսական առումով լուրջ կախման մեջ է Ռուսաստաից: Այնպես չէ, որ փորձեր չարվեցին Հայաստանի ուղղությամբ ինչ-որ բան փոխել: Մենք շատ լավ տեսանք, թե Արևմուտքն ի դեմս ԵՄ-ի ինչպես էր փորձում «բալանսավորել» այդ վիճակը, և փորձել Հայաստանի հետ խորացնել տնտեսական ինտեգրացիան, որը կլիներ առաջին փուլը Հայաստանին Ռուսաստանից պոկելու, բայց բնավ ոչ թե հանուն Հայաստանի և նրա ժողովրդի սիրուն աչքերի, այլ հենց այդ նույն աշխարահաքաղաքական շահերից ելնելով` դարձնելով Հայաստանին սեփական օգտագործման ստրուկը մի շարք այլ պետությունների հետ մեկտեղ: 

Բայց գիտեք ինչ, երբ ասում եմ, որ ԵՄ-ն ուզում էր դարձնել մեզ իր ստրուկը, բնավ չի նշանակում, որ ես կարծում եմ` ինտեգրվելով Ռուսաստանի և այդ երկրի կողմից ձեռնարկվող ինտեգրացիոն ծրագրերում, մենք մնում ենք անկախ և «հավասարը-հավասարին» պետություն ասենք հենց նույն Ռուսաստանի հետ: Այնպես որ խնդրում ես սխալ չհասկանալ: Բայց գիտեք ինչ, այն որ մենք պայքարում ենք սրա-նրա ստրուկ լինելու միջև կամ էլ, մեզ համար են պայքարում դա արդեն ոչ թե օտարազգիների մեղքն է այլ հենց մերը: Սա ապացույցն է այն բանի, որ մենք չենք կարողանում այնպիսի քաղաքականության տանել և վերջին 20 տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել այնպիսի պետություն, որպեսզի ոչ թե ինչ-որ մեկի ստրուկը լինենք, այլ հարկ եղած ղեպքում «ստրկացնենք» ուրիշներին մեր հնարավորությունների սահմաններում: Ինչևէ քննարկման համար սա միանգամայն այլ հարց է: 

Սս համարենք որպես առաջին պատճառ, թե ինչու իմ կարծիքով Հայաստանում չէր կարող լինել այդ «Մայդանը»: Հաջորդ պատճառը թերևս այն է, որ Հայաստանում մենք իշխանություն փոխելու, թե´ լեգիտիմ, թե´ ոչ լեգիտիմ միջոցներով փորձեր արդեն արել ենք, որոնք բոլորը պսակվել են անհաջողությամբ: Նման փորձերից բերենք մեկական օրինակ: Առաջինը 1996թ-ին էր, երբ Վազգեն Մանուկյանը ընտրությունների միջոցով հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանին, և ըստ էության ուներ լեգիտիմություն ստանձնել նախագաի պաշտոնը, սակայն ինչպես հիշում եք նա դա անել չկարողացավ անկախ բոլոր այն ցույցերից, որոնք հաջորդեցին այդ ընտրություններին: 

Երկրորդ փորձը, որը ես այդքան էլ լեգիտիմ չեմ համարում, դա 2008թ-ին անցկացված ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումներն էին: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել նախագահ, բայց պնդում էր, որ «ժողովուրդը ըտնրել է իրեն»: Արդարության համար պետք է նշել որ այդ ժամանակ ոչ մի թեկնածու էլ չէր հավաքել բացարձակ մեծամասնություն և ճիշտ կլիներ անցկացնել երկրորդ փուլ, բայց Ինչևէ, եղավ այն ինչ եղավ: Մենք շատ լավ հիշում ենք, որ այն ժամանակ իշխաբությունները ոչ թե Յանուկովիչի նման սպասեցին, որ լևոնականները ուժով վերցնեն իշխանությունը, այլև արեցին այն ինչ արեցին, և արդյունքում այն ժամանակվա ընդդիմության ամբիցիաների և իշխանությունների հաստատակամության (բառի ոչ այնքան լավ իմաստով) և իշխանատենչության պատճառով մենք ունեցանք «Մարտի 1», բայց փոխարենը չունեցանք «Մայդան»:

Ես հասկանում եմ, որ «Մարտի 1»-ի թեման շատ զգայուն է մեր ժողովրդի համար և որոշ մարդիկ կարող են սխալ հասկանալ այն դատողությունները, որ ես քիչ առաջ արեցի, բայց պետք է վստահեցնեմ, որ ես կիսում եմ նաև մի շարք մարդկանց այն համոզմունքը, որ այն ժամանակ իրոք զոհվեցին անմեղ մարդիկ, ովքեր անկեղծորեն ցանկանում էին ինչ-որ բան փոխել մեր երկրում դեպի լավը, բայց ցավոք դա ոչ թե արդարության այլև իշխանության կռիվ էր, որի արդյունքում ընդամենը տուժեցին հասարակ, ազնիվ քաղաքացիներ: 

Ես կարծում եմ կարելի է անել հետևյալ եզրակացությունը. Հայաստանում չի լինի «Մայդան» այն իմաստով որով, որ շատերը հասկանում են կամ էլ ցանկանում են: Ինչպես որ քիչ առաջ նշեցի, դրա համար չկա թե արտաքին թե ներքին համապատասխան նախադրյալներ: Առավելագույնը, որ մենք կկարողանք ունենալ դա հերթական «Մարտի 1»-ն է, որը չեմ կարծում բխում է ինչ-որ մեկի շահերից Հայաստանում: Այնպես որ մյուս կողմից կարծում եմ, շատ ավելի լավ է, որ այդ գունավոր հեղափոխությունները մեզ մոտ չեն աշխատում և մեր երկրին էլ չի դառնում բախումների թաթերաբեմ և արտաքին միջամտության համար թիրախ: Լավ է, որ երկիրը չեն քանդում` մի քանի տասնամյակ ետ տանելով մեր ժողովրդի առանց այն էլ ցածր տեմպերով ընթացող զարգացումը: Ի վերջո, որ երկրին է այժմ «Մայդանը» տվել ինչ-որ «լավ բան, որ մենք էլ ակնկալում ենք: Ինչպես ասում են չկա չարիք առանց բարիքի:

 

Հայկ Թամրազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее