▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի ծանրամարտիկը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Փաուրլիֆթինգի վարպետ Հրաչեայ Ռիչի Առաքէլեանը Փետրուարի 20ին Ֆոքս հեռուստաընկերութեան ուղիղ եթերում սահմանեց Փաուրլիֆթինգի Գինեսի նոր ռեկորդ՝ 250 փաունդ կշռող ծանրաձողն ուսերին կատարելով 40 կքանիստ 52 վայրկեանում: Հանրագումարը կազմում է 10 հազար փաունդ, (4535.92կգ): Սա, Հրաչեայ Առաքէլեանի չորրորդ Գինեսի ռեկորդն է. վերջինը՝ 2013թ. Յունուարի 7ին էր՝ 5700 փաունդ (125 փաունդ ծանրաձողով՝ 27 կքանիստ), ներառեալ կոչումը՝ «Most Weight Squat Lifted in One Minute» (մէկ ռոպէում ամենաշատ ծանրութեան գունդ բարձրազրած): Գրում է asbarez.com-ը:
Պրոֆեսիոնալ ծանրամարտիկ Հրաչեայ Առաքէլեանը ներկայում պատրաստւում է իրականութիւն դարձնել իր յաջորդ՝ գրեթէ անհաւանական թուացող նախագիծը, որը նուիրելու է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: «Ապրիլի 23ից 24ը, պատրաստւում եմ բարձրացնել 1 միլիոն 501 հազար փաունդ: Քսանչորս ժամ անընդմէջ կատարելու եմ 10 հազար կքանիստ՝ 150 փաունդ ծանրաձողն ուսերիս: Վերջին կքանիստը Թուրքիայում սպանուած Հրանտ Դինքի համար է: Այս քայլով, ես ցանկանում եմ եւս մէկ անգամ ամբողջ աշխարհի ուշադրութիւնը հրաւիրել Հայոց Ցեղասպանութեան փաստին եւ վկայել, որ մեր ազգը հզօր ազգ է՝ կանք պիտի լինենք եւ դեռ շատանանք», նշում է Հրաչը: Այս գաղափարն իրականացնելու համար Առաքէլեանից կը պահանջուի երկու ամիս խստօրէն յագեցած մարզումներ, ինչի համար ռեկորդակիր մարզիկը պէտք է որոշ ժամանակով աշխատանքային արձակուրդ վերցնի: Դրա համար հարկաւոր են հովանաւորներ, ովքեր կ՛օգնեն Հրաչեայ Առաքէլեանին եւս մէկ միջոցով աշխարհին ներկայացնելու մեր պահանջը: «Միաժամանակ, Գինեսի ռեկորդը նոյն պահին գրանցելու համար անհրաժեշտ է, որ Լոնդոնից, Գինեսի գրասենեակից ներկայացուցիչ ներկայ լինի Ապրիլի 23, 24ին, այլապէս ռեկորդը կը գրանցուի ոչ թէ 24ին այլ շատ աւելի ուշ՝ տեսագրութիւնը Բրիտանիա ուղարկելուց եւ այնտեղ մանրամասն դիտուելուց յետոյ», նշում է Հրաչեան՝ ակնկալելով հայ համայնքի աջակցութիւնն այս հարցում: Հայ Դատի Մոնթեբելոյի յանձնախումբն արդէն տրամադրել է սրահը, որտեղ տեղի կ՛ունենայ Առաքէլեանի ծրագիրը:
Նշենք, որ Հրաչեայ Առաքէլեանը ծնուել է Հայաստանում: Աշխարհի ամենաուժեղ մարդկանցից մէկը ծանրամարտով սկսել է զբաղուել ինը տարեկանից եւ յաղթել է միջազգային մրցաշարերում: Տեղափոխուելով Միացեալ Նահանգներ, 2008 թուականից սկսել է զբաղուել Փաուրլիֆթինգով եւ երկու անգամ դարձել է Ամերիկայի չեմպիոն: «Ես մշտապէս ներկայանում եմ որպէս հպարտ հայ եւ մրցումների ժամանակ կրում եմ հայկական եռագոյնով իմ սրբիչը», անկեղծանում է Հրաչեայ Առաքէլեանը:
Յաջողութիւն ենք մաղթում նրան եւ կոչ ենք անում աշխարհասփիւռ հայ համայնքին աջակցել մեր մարզիկին՝ գրաւելու նոր բարձունքներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее