ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասաց, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցը գործնական ռելսերի վրա է դրվել այն պահից, երբ պետության առաջնորդը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է միանալու մաքսային միությանը:
«Ավելին, Մինսկի հանդիպումից հետո նախապատրաստվում է ճանապարհային քարտեզ, որը մինչեւ դեկտեմբեր, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե չի բացառվում 2015թ.-ին բացվի հայ-թուրքական սահմանը, պայմանով, որ հայերը դուրս գան Ղարաբաղից, Շարմազանովն ասաց.
«ՀՀԿ-ի եւ Հայաստանի իշխանությունների կարծիքը այդ հարցում անփոփոխ է: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին` անթույլատրելի է այս խնդիրը կապել Ղարաբաղյան կարգավորման հետ:
Ինչ վերաբերում է Ղարաբաղից դուրս գալուն, ապա հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն ԼՂՀ-ում մի պարզ պատճառով, որ Ղարաբաղը մեր ժողովրդի սուրբ հայրենիքի մի մասն է »,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: