Անցած շաբաթ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարկ Քրքի կողմից շրջանառության մեջ դրված բանաձևի նախագիծը, որը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում հայ թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ամբողջովին ընդունելու հենքի վրա: Հիշում եք թերևս մեր ազգովի ոգևորությունն այդ կապացությամբ: Մեր արտգործնախարարը դրան նույնիսկ պատասխանեց: Արձագանքներ եղան նաև քաղաքական դաշտից, և նույնիսկ այնպիսի արձագանքներ, թե իբր սա ճնշում է Վաշինգտոնի վրա հայկական լոբիի կողմից: Այսպիսի կարծիք մասնավորապես հայտնել էր Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Ինչևէ կարծիքները տարբեր էին. կային նաև թերահավատներ, ովքեր կարծում էին, որ սա վերջին հաշվով լինելու է մեր ազգի հերթական հիասթափությունը, քանի որ Կոնգրեսը չի պատրաստվում գործն իր ավարտին հասցնել: Նախապես ասեմ, որ ես պատկանում էի և շարունակում եմ պատկանել այդ թերահավատների շարքին:
Այժմ այս հարցի կապակցությամբ ցանկանում են մեջ բերել Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը:
Այսպիսով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Haber7» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չի ընդգրկվի Միացյալ Նահանգների Սենատի օրակարգում՝ հավելելով, թե այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Դավութօղլուն այնուամենայնի հավաստիացրել է, որ Թուրքիան այդ հարցի շուրջ զարգացումներին չափազանց ուշադիր հետևում է, և վերջինիս խոսքերով եթե այդ բանաձևը հայտնվի Սենատի օրակարգում, ապա Թուրքիան հաստատ «չի լռի:»
Կարծում եմ պարզի է, որ այս տեղ կա երկու հավանական տարբերակ: Կա´մ Դավութօղլուն բլեֆ է անում, և Քերրին իրեն ոչինչ էլ չի ասել, և թուրք պաշտոնյայի նման հայտարարության դրդապատճառը հանդիսանում է նախապես ճնշում գործադրելը ԱՄՆ-ի կառավարության վրա, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտրվի օրինագծի առաջխաղացումը, կա´մ էլ իրոք Քերրին խոսել է Դավութօղլու հետ և տվել համապատասխան հավաստիացումներ:
Անձամբ ինձ թվում է, որ երկու դեպքում էլ, ԱՄՆ-ն այս հարցում չի գնա մինչև վերջ: Այլ կերպ ասած անկախ նրանից այդ երկիրը խոստացել է Թուրքիային տապալել այդ օրինագիծը, թե` ոչ, այդ բանաձևը միևնույնն է կտապալվի: Ի վերջո, ինչո՞ւ ոչ: Բազմիցս ասվել է այն մասին, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող աշխարհաքաղաքական պայքարում Թուրքիայի դերն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար ավելի է մեծացել: Իսկ եթե սրան ի հավելումն նշենք, որ Թուրքիան մեծ հաշվով այս հարցում Արևումտքի այլ ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն է, ապա պարզ է դառնում, որ վերընշված բանաձևի առաջխաղացման համար նախադրյալներ գրեթե չկան: Իմիջիյալոց նշեմ, որ Թուրքաիայի նախագահ Աբդուլա Գյուլը Ուկրաինայի նախագահի համար պայքարում հայտնված ամենահավանական և ազդեցիկ թեկնածու Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ, ասել է որ Թուրիքան երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք:
Այնպես որ քանի դեռ Թուրքիան չի շեղվում Արևմուտքի գլոբալ քաղաքական ուղուց, ԱՄՆ-ն հաստատ հանուն մեր` հայերիս հանդեպ արդարության վերականգման համար, չի վտանգի իր աշխարհաքաղաքական շահերը` խաթարելով Թուրքիայի հետ իր հարաբերությունները:
Հուսով եմ, որ կսխալվեմ...