ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Սովորաբար որբ բառը խղճահարութիւն, տխրութիւն ու հոգեկան ցաւ է պատճառում մարդուն, երբ դժբախտ պատահարով, կամ կեանքի անբարեացակամ հարուածով է որբանում մէկը, նոյնիսկ` խաղաղ, սովորական պայմաններում, քանի որ այն խորհրդանշում է անպաշտպան ու անօգնական դարձած երեխայի դժուարին ճակատագիր, բազում հարուածներով լեցուն խեղաթիւրուած կեանք:
Ցաւը դեռ տանելի է, երբ այն մէկ երեխայի է վերաբերւում: Բայց երբ այն մտածուած ու ծրագրուած եղեռնագործութեան հետեւանք է, բռնի ու գազանաբար պարտադրուած որբութիւն եւ թիւը հասնում է հարիւր հազարների, ցաւն արդէն հազարապատկուելով` պատռում է մեր հոգին, դուրս է գալիս իր սահմաններից եւ անօգնական թափառելով նրանցից իւրաքանչիւրի հետ` դառնում է ահաբեկումից խոշորացած բիբերով, հարազատ փնտռող, անփարատելի վշտոտ աչքերի հետապնդում, մեր ականջներում բոյն դրած սիրտ կեղեքող ճիչ, մեզ հետեւող շուք, երկարած դատարկ ձեռքերի հաւաքական աղերս, որը կառչում է մեզնից, բոյն է դնում մեր մէջ, անվերջ յիշեցնում մեզ իրենց մասին ու պարտադրում մեզ հատուցում պահանջելու իրենցից իւրաքանչիւրի կրած ցաւի ու անբուժելի կսկիծի, իրենց պարտադրած եղեռական ճակատագրի համար:
Յանկարծակի, մէկ հրամանով ջարդուփշուր, ցիրուցան եղած հարիւրհազարաւոր հայ որբերի կեանքի պատմութիւնը ինչպէ՞ս պատմել, ինչպէ՞ս տեղաւորել որեւէ բանաձեւումի մէջ, որ սիրտ չկեղեքի ու սառը բանականութեամբ քայլես նրանցից իւրաքանչիւրի հետքերով, մտնես նրանց աւերուած երազների խորքը, վերստեղծես, տեսանելի դարձնես արդէն հարիւր տարուայ մօտեցող նրանց կրած դժոխային ապումների իրական պատկերը:
Բնականաբար այդ հարիւր հազարաւորներից սակաւ կենդանի մնացածների միայն մի չնչին մասը ի վիճակի գտնուեց իրենց ապրած ահարկու կեանքը բառերի վերածել ու աշխարհին լսելի դարձնել,թէեւ աշխարհը կոյր ու համր ձեւացած անտարբերութեամբ ընդունեց նրանց դժուարով արտաբերուած բառերը: Աստիճանաբար այդ կցկտուր բառերի վրայ աւելացան, դիզուեցին աշխարհի տարբեր երկրների արխիւներում յայտնուող կուտակուած փաստաթղթեր, լուսանկարներ, վաւերական ժապաւէններ, ականատեսների վկայութիւններ, իրենց լռութեան պատեանը պատռած տարբեր ազգերի ականաւոր մարդկանց յուշագրութիւններ եւ ամենակարեւորը այդ անօթեւան, անմարդկային սպանդին զոհ դարձող հարիւր հազարաւոր որբերին պաշտպան կանգնած կազմակերպութիւնների ու անհատների իրական գրառումներ:
Թէեւ այսօր, այսքան տեղեկութիւններով հանդերձ, դեռ անկարելի է ճշդել, ի մի բերել թիւը այն որբերի, որոնց խմբերով կենդանի թաղեցին, գետերն ու ձորերը նետեցին, մորթեցին, որոնց մարմինները տների շաղախ ու գազանների կեր դարձրին, թուրք, արաբ, քիւրտ, պետեւի ընտանիքներում որպէս ծառաներ ու հարճեր պահեցին, ստիպողաբար թուրքացրին:
Դեռ անյայտ է նոյնիսկ մասնաւոր անհատների կողմից, ինչպէս իմ մեծ հայրս, հօրս հայրը` Եղիա Ապուսէֆեանն է,ամիսներով, իր միջոցներով պետեւիների մօտից գնել, անապատներից ու ձորերի միջից հաւաքել թաքնուածներին, հիւանդներին ու բերել հասցրել Հալէպ եւ ինքը մահացել: Դեռ անյայտ է դրանց թիւն ու ճակատագիրը, ինչպէս մինչեւ օրս չի հաւաքագրուել եւ ներկայացուել տարբեր որբանոցներում տեղ գտած մեր որբերի թուագրութիւն-պատմութիւնը մէկ ամբողջական թղթածրարով:
Թէեւ աշխարհում այսօր էլ դեռ շարունակւում է մարդկային տեղահանութիւնն ու կոտորածները, որբանում են հազարաւոր երեխաներ նոյն մարդկութեան անտարբեր հայեացքի առջեւ, այս ամէնով հանդերձ,մենք օգտագործելու ենք ամէն հնարաւորութիւն` մեր արդար պահանջատիրութեամբ նաեւ մարդկութեան սթափեցնելու, գործադրուող կոտորածները կանխելու:
Մեր նպատակը այլես ոչ թէ Ցեղասպանութեան հաստատման գործն է, այլ` մեր պահանջատիրութեան իրագործումը եւ դրա համար տարուող աշխատանքը: Բնականաբար իւրաքանչիւր ներդրում այդ ուղղութեամբ օգնելու է մեր նպատակի իրագործմանը:
Վերջերս Հայոց ցեղասպանութեան արխիւը հարստացաւ, ծանրակշիռ, առարկութիւն ժխտող, համամարդկային ընկալումով մատուցուած մի բարձրորակ գործով:
Փաստավաւերագրական ժապաւէնի տաղանդաւոր բեմադրիչ Պարէտ Մարոնեանը Ցեղասպանութեան 100-ամեակի շեմին հաւաքագրել,մէկ ծրարով ամբողջացրել է 1915թ մեր որբերի մասին փաստավաւերագրական լուրջ ժապաւէն, արխիւային փաստաթղթի լուռ վիճակից այն դարձնելով տեսանելի ու լսելի համայն մարդկութեանը:
«Ցեղասպանութեան որբերը» վերնագիրը կրող այս փաստավաւերագրական ժապաւէնը, որը տեւում է ընդամէնը 90 վայրկեան, երկարատեւ ու մանրակրկիտ ուսումնասիրութեամբ իրագործուած, արուեստի բարձր ճաշակով, առանց էժանագին յոյզեր գրգռող աւելորդութեան, ճշգրիտ հաւաքագրուած, քաղաքական եւ պատմական ազդեցութիւն ունեցող ժապաւէն է:
Բեմադրիչ Մարոնեանը երեք տարի է դրել այս աշխատանքը սահուն, խորը բովանդակութեամբ ոչ միայն հայերիս, կամ աշխարհի շահամոլ քաղաքագէտներին ներկայացնելու, այլեւ մեր պահանջատիրութեան հայցը էլ աւելի զօրացնելու: Բացի այն, որ սա Հայոց ցեղասպանութիւնը որբերի միջոցով ներկայացնող ցնցիչ հաւաքածու է, կատարուած իրողութիւնը դեռ ժխտել փորձողների բառերը իրենց կոկորդում խեղդող հարուած, ազգասպաններին դեռ թիկունք կանգնողներին ամօթալի ապտակ, միաժամանակ սա բացայայտ պահանջ է հարիւր հազարաւոր որբերի իրաւունքներին տէր կանգնելու, նրանցից խլուածը ետ պահանջելու համար:
Մենք երկար ենք սպասել այսպիսի տարողութեամբ ժապաւէնի` զուր շեփորահարելով բոլոր նրանց, ովքեր Ցեղասպանութեան նիւթով նոյնիսկ գեղարուեստական ժապաւէններ ստեղծեցին: Մինչեւ այսօր արդիւնքում ունեցել ենք միջակ որակի, նոյնիսկ հայերիս ոչինչ ասող գործեր:
Բայց ահա Լիբանան ծնած, Հայկազեանի շրջանաւարտ, 70-ի պատերազմի խառը տարիներին Ամերիկա անցած եւ Ֆլորիտա քաղաքում շարժապատկերի մէջ կրթութիւն ստացած, 4 Emmy, 6 Telly, 4 Arora, Platinum REMI եւ այլ մրցանակների տիրացած, ինչպէս նաեւ «Ցեղասպանութեան պատը», «1915-ի կանայք՛, «Կոմիտա՛ս հայրիկ» վաւերական ժապաւէնների հեղինակ Մարոնեանը իր այս վերջին` «Ցեղասպանութեան որբերը» ժապաւէնով մեզ է ներկայացնում լուրջ ուսումնասիրութիւն:
Բեմադրիչ Պարէտ Մարոնեանը պատմաբան հետազօտողի մանրակրկիտ ճշգրտութեամբ, նուրբ արուեստագէտի ներքին հայեացքով, դէպքերի, փաստագրութիւնների, հարցազրոյցների, լուսանկարների, մէջբերուած վաւերագրական ժապաւէնների հատուածները այնպիսի վարպետութեամբ է իրար միահիւսում, մտքով եւ դէպքերի յաջորդականութեամբ իրար շաղախում, ձայներով, գոյներով, երաժշտութեամբ եւ խօսքով միահնչուն դարձնում, որ նիւթի ծանրութիւնը ոչ միայն չի յոգնեցնում դիտողին, 90 վայրկեանը աննկատ է անցնում, այլ հակառակը` դիտողին ամբողջովին ներգրաւում է իր խորութեան մէջ, ժամ ու կէսը դարձնում` ակնթարթ:
Սովորաբար շատերը փաստագրական ժապաւէնները որպէս արուեստի գործ չեն ընդունում եւ ընդհանրապէս դրանք աւելի պատմողական, հետազօտական, ծանօթագրական բնոյթի սահմաններում են մնում: Բեմադրիչ Մարոնեանի այս ժապաւէնը դուրս է այդ ընդունուած սահմանումից: Մարոնեանը կարողացել է պատմուող նիւթը պահելով իր փաստային արժէքի մէջ` դրա շուրջ իրական բեմադրութիւն ստեղծել, որի դերակատարները լուսանկարներից ու փաստաթղթերից կենդանանալով` մեր առջեւ ստեղծում են 1915թ. Ցեղասպանութեանը հայ երեխաներին պարտադրուած ճակատագրի կենդանի պատկերը:
Ժապաւէնի դերակատարները դերասաններ չեն, այլ` լուսանկարներից սիրտ կեղեքող հայեացքով մեզ նայող ցնցոտիներով կամ միանման հագնուած վտիտ, 2-13 տարեկան երեխաների հսկայական զանգուած, որոնց Մարոնեանը, արուեստի լեզուով կենդանացնում է մեր առջեւ, քայլեցնում, աշխատացնում, յանկարծ կանգնեցնում ու հայեացքները մեր վրայ սեւեռում: Ժապաւէնի գլխաւոր «դերակատարը» թուրքն է իր գործած Ցեղասպանութեան կենդանի վկայութիւններով, ժամանակը` 1915թ, դրան հետեւող տարիները, մինչեւ մեր օրերը: Կատարուող իրադարձութիւնները` Արեւմտահայաստանի մեր տարածքներից սկսած, Թուրքիոյ, Միջին Արեւելքի տարբեր քաղաքները, Ալեքսանտրապոլ (Գիւմրի), մինչեւ Քանատա եւ Ամերիկա են հասնում:
Պատմուող նիւթից դանդաղօրէն ամբողջ պաստառով յառնում է դժոխային սարսափ ապրած աչքերով, մանկական դէմքին իր որբութեան պատմութիւնը դրոշմուած, հերարձակ մի աղջիկ: Հայկական նշաձեւ աչքերում մանկական խայտանքը ջնջուած է, տանջանքից խոշորացած բիբերով նայում է մեզ: Նրա գեղեցիկ, վեհ, հոգի ծակող հայեացքում մարդկութեանն ուղղուած ծանր մեղադրանք ու դադապարտում կայ եւ միեւնոյն ժամանակ հաստատ ու անընկճելի կամք` ապրելու ու յարատեւելու: Վարպետութեամբ օգտագործուած լոյսի, գոյների համագործակցութիւնը, աստիճանաբար խոշորացող այդ ակնթարթ յայտնուող հայեացքը դառնում է ժապաւէնի եւ ապրող հայութեան խորհրդանիշ:
Անկարելի է չնշել բեմադրիչի օգնականներ Փոլ Անտոնեանին եւ Պետօ Տէր Պետրոսեանին, որոնց համատեղ ջանքերով 2006թ ստեղծուած «Արմէնոյտ թիմ»-ը այս անգամ էլ այս հիասքանչ աշխատանքի ստեղծողներն են դարձել:
Աշխարհահռչակ մրցանակակիր լրագրող, գրող Ռոպերթ Ֆիսքի` Այնթուրայի հազար հայ որբերի թուրքացման մասին 2010թ «Պրիթիշ Տէյլի Նիուզ»-ում հրատարակուած յօդուածը, հիմնուած` հարաւային Քալիֆորնիայից Միսաք Քելեշեանի մանրակրկիտ ուսումնասիրութեան վրայ, անմիջապէս գրաւում է Պարէտ Մարոնեանի ուշադրութիւնը: Մասնագիտութեամբ ելեկտրականութեան ճարտարագէտ Միսաք Քելեշեանը, ում շնորհակալ ենք, զարմանալի յայտնագործութեան է յանգել, միայնակ, անձնական լուրջ պրպտումներով, փաստերով հաստատել, որ այսօրուայ Այնթուրայի Ֆրանսական քոլեճը 1915-ին եղել է հազարաւոր հայ որբերի թուրքացման կենտրոն Ճեմալ փաշայի իրաւասութեան եւ հսկողութեան տակ: Եւ ինչպէս սովորաբար լինում է ստեղծագործողների պարագային, ներքին մի կրակ անմիջապէս Մարոնեանի մէջ ծնել է այս նիւթը եւ բնականաբար դրա հիմնական պատճառը հանդիսացած Ցեղասպանութեան ժամանակ հայ որբերի ճակատագիրը, դարձնել տեսանելի ու լսելի:
Մէկ եւ կէս ժամնոց այս շարժապատկերը ստեղծելու համար, բեմադրիչ Մարոնեանը հսկայական ժամեր է դրել տարբեր երկրներում, տարբեր կազմակերպութիւնների իրաւասութեան տակ գտնուող տասնեակներով փաստաթղթեր ուսումնասիրելու եւ իր մտայղացման համար դրանցից ամենակարեւորները ընտրելու: Դա միայն կը հասկանայ, ով լծուած է այսպիսի ծանր աշխատանքի մէջ:
Ուսումնասիրուած եւ դրանց վրայ ստեղծուած վաւերագրութիւնը վերցուած են այնպիսի լուրջ, հեղինակաւոր արխիւներից, ինչպիսիք են` Ռոքըֆելըր արխիւի կենտրոնը, Գերմանիոյ Ազգային արխիւը, Դանիական ազգային արխիւը, Ամերիկայի Միացեալ Նահանգների Քոնկրեսի գրադարանը, Ամերիկայի Միացեալ Նահանգների Ազգային արխիւը, «Զօրեան» հիմնարկը, Հայաստանի Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը, ՀՕՄ-ի եւ մի շարք այլ անձնական արխիւներում պահուած հաւաքածուները:
Պատմւում, փաստերով ներկայացւում է նաեւ Լինքոլն Լոյալ Ուըրթի տեղեկութիւններով երկու հարիւր հազար հայ որբերի 212 տարբեր որբանոցների մէջ կեցութեան ու ճակատագրի հետքերը` Պոլսոյ, Հալէպի, Լիբանանի, Այնթուրայի, Ղազիրի, Ուրֆայի, Իրաքի, Կիպրոսի, Քորֆուի, Ալեքսանդրապոլի, Երուսաղէմի որբանոցներում, որոնք ղեկավարուել են American Near East Relief Faundation-ի կողմից: Միայն Ալեքսանդրապոլում տեղաւորուած են եղել 20 հազար հայ որբեր: Այդ որբանոցների մի մասը արդէն խորհրդային տարիներին դարձել էին զինուորական զօրանոցներ` պալիգոն անունով եւ տեղացիները անտարբերօրէն մատնանշում էին, որ դրանք հին որբանոցներն են եղել:
Այսօր ստիպողաբար կրօնափոխ եղած հայերը արդէն պատռում են իրենց լռութեան քօղը եւ պարզում իրականութիւնը: Թէեւ մենք դեռ անպատասխան ենք թողնում նրանց, բայց նրանց գոյութիւնը անժխտելի է այլեւս: Այս ժապաւէնով Մարոնեանը հայութեան, աշխարհի եւ թուրք հերքողների առջեւ մի նոր ապացոյցով հաստատում է, որ թուրքացում-կրօնափոխութիւնը, ձուլումը եղել են Թուրքիոյ իրագործած Ցեղասպանութեան հիմնական ծրագրերից մէկը, որը խստօրէն իրականացուել է Այնթուրայի որբանոցում եւ այլուր: Այնթուրա բերուած 1,456 որբերը հիմնականում երեքից տասնչորս տարեկան երեխաներ են եղել, որոնց թլփատելով, անունները թրքացնելով, թուրքերէն խօսել պարտադրելով, ամէնօրեայ իրենց քարոզներով թրքութեանը կապելով` փորձել են ամբողջովին թրքացնել: Աստիճանաբար 11-ից բարձր տարիք ունեցող եւ խոշորակազմ տղաներին սպաննել են: Գառնիկ Բանեանը, հետագայում Համազգայինի Նշան Փալաճէան Ճեմարանի փոխ տնօրէն, ունի սրտառուչ գրառում այդ մասին: Նրան Այնթուրա են բերել վեց տարեկանին: Իւրաքանչիւր երեխայ թուով է ճանաչուել, ինքը եղել է թիւ 551-ը եւ անունն էլ դարձրել են Մահմուտ: Յաճախ սնուել է որբանոցի շուրջը յայտնուող ոսկորները փշրել ուտելով, անգիտակից, որ դրանք իր մահացած ընկեր որբերի անթաղ մասնիկներն են: Այդ երեխաներից միայն 456-ն են կենդանի մնացել: 300-ի դիակները 1993-ին են յայտնաբերուել, երբ շինարարութեան համար փորել են տարածքը: Տարբեր օրերին մեռածներին անթաղ նետել են շներին ու գազաններին կեր դարձրել, որոնց ոսկորներից էլ սնուել են որբանոցում անօթութիւնից տառապող երեխաները:
Այսօր այդ սոսկալի ոճրագործութեան շեմին, Խաչատուրեան ընտանիքի կողմից յուշարձան է կանգնեցուած եւ տապանաքարեր զետեղուած հայ որբացած անպաշտպան մանուկներին յաւէրժացնելու համար:
Ծանր է կանգնել Այնթուրայի այդ փոքրիկ գերեզմանոցում եւ չտեսնել այդ տանջուած մանուկների դէմքերը, չլսել նրանց գիշերային լացը, չզգալ նրանց անմեղ ու չարաչար տանջուած ներկայութիւնը, չլսել ֆալախայի հարուածների ցաւից պոկուած նրանց անպաշտպան ճիչը:
Թուրքացման ծրագիրը լայն տարողութեամբ, յատկապէս Եղեռնի ժամանակ իրականացնելը հաստատւում է անմիջականօրէն
1915-ի օգոստոս 30-ի Թալէաթի հրամանագրով, ուր ասւում է. «Հա՛յ երեխաների գոյութիւնը պաշտօնական հաստատութիւններում անընդունելի է, պէտք է նրանց բաժանել իսլամական գիւղերում»: Հաւաքագրուած երեխաներին` 1, 426 երեխայ, իսլամացման համար ուղարկել են թուրքական տարբեր հաստատութիւններ:
Հետաքրքիր մի իրականութիւն եւս բացայայտուած է այս ժապաւէնում: Քանատայի ՀՕՄ-ի դրամահաւաքով որոշւում է որբեր բերել Օնթարիօ, նրանց գիւղատնտեսութիւն սովորեցնելու, ուսումն ու կեցութիւնը հինգ տարով ապահովելու: 1924 թուականին 109 որբեր տարբեր տեղերից բերւում են Ճորճթաուն, ուր նրանց տրամադրում են ճահճոտ մի շրջան, որը չորացնելով` մշակելու, պիտանի էին դարձնելու: Ի երախտագիտութիւն նուիրատուների հաստատութիւնը փորձում է փոխել նրանց անունները, իւրաքանչիւրին նոր անգլո-սաքսոն անուն տալով, մոռացնել իրենց իսկութիւնը, աւելի արագ եւ վերջնական այդ երկրին ձուլելու: Որբերը, այդ անօգնական ու անպաշտպան մնացած երեխաները, կտրականապէս մերժում, ըմբոստանում, չեն ընդունում առաջարկը: Միակ բանը, որ նրանք փրկել էին այդ արհաւիրքից, իրենց փլուզուած մանկութիւնից, կորցրած արմատներից, իրենց ծնողների կողմից իրենց տրուած անուններն էին, միակ կապը իրենց ծնողների եւ իրենց իսկութեան հետ, որը իրապէս շօշափելիօրէն ունէին, իրենցն էր եւ ոչ մի գնով չեն զիջում այն: 109 որբեր, աշխարհում ամբողջովին միայանակ մնացած 109 մանուկ հայեր տէր են կանգնում իրենց ինքնութեան:
Գուցէ դիտողները հարեւանցի նայում ու անցնում են այս փաստից, բայց ի պատիւ Մարոնեանի պիտի նշեմ, որ սա կարեւոր դիտարկումով է մէջբերուած: Ձուլման ճնշումը միշտ, մինչեւ օրս էլ ամէնուր է, հարցն այն է, թէ ո՞վ ինչպէ՛ս է հակադարձում դրան: Այդ երեխաների արարքը ուսանելի է այսօրուայ ինքնակամ ձուլուողներին, օտար անունը իրենց հայկականից գերադասողներին, իրենց ինքնութիւնից ամաչողներին:
Ինչպէս վերը նշեցի, հարցազրոյցները, հրամանագիր-փաստաթղթերը, մէջբերումները ամենայն մանրակրկիտութեամբ, սեղմ ու պատկերաւոր են ընտրուած: Օգտագործուած երգերը` տեղին ու ճաշակով տեղադրուած, նոյնիսկ երգերի արեւմտահայ կատարման ընտրութիւնն է մտածումով արուած, որը մէկ անգամ եւս գալիս է հաստատելու, որ այս ժապաւէնը արեւմտահայութեան պատմութան, ողբերգութեան ու պահանջատիրութեան փաստաթուղթն է:
Այս ժապաւէնը նաեւ հայութեան շնորհակալութեան փոխանցումն է բոլոր այն անհատներին եւ կազմակերպութիւններին, որոնք ձեռք մեկնեցին, տէր կանգնեցին, ապաստան տուին, կենդանի պահեցին մեր որբերին:
«Ցեղասպանութեան որբերը» ժապաւէնը իրականացուել է այդ փրկուած որբերի զաւակների` Պէզիքեան, Ուզունեան ընտանիքների, Էսքիճեան, Չիթչեան հաստատութունների նիւթական նուիրատուութեան շնորհիւ, որոնք արժանի են իրական գնահատանքի, խորին շնորհակալութեան եւ բոլոր նրանց ովքեր անկողմնակալ իրենց մասնակցութիւնն են բերել այս փաստաթուղթ- ժապաւէնի պատրաստմանը:
Պարէտ Մարոնեանի ժապաւէնը մեր հարիւր հազարաւոր որբերին երախտագիտութեան տուրք է, խնկարկում` նրանցից իւրաքանչիւրի ներքին ուժի ու կամքի, նրանց անհատականութեան ու հաւատի առջեւ, անժխտելի ապացոյց ոչ միայն նրանց կրած տառապանքի, այլ նաեւ` այսօրուայ մեր գոյութեան, մեր յարատեւման:
Որքան էլ ապրողներիս պարտքն է մեր հոգու խորքում պահելու սակաւ լուսանկարներից մեզ նայող, նոյնիսկ իրենց վշտի ու թշուառութեան մէջ գեղեցիկ ու ազնուական, այդ երեխաներից իւրաքանչիւրի անյատակ տխրութեամբ լեցուած աչքերն ու վշտով լեցուն, օգնութիւն աղերսող հայեացքները, սակայն մեր հիմնական աշխատանքը լինելու է այս երեխաների իրաւունքները պահանջելը ջարդարարից: Այսօրուայ թուրք սերունդը յղփանում, բարգաւաճում է մեր այս որբերից խլուած իրաւունքներով:
Այս ժապաւէնը կ՛արժէքազրկենք, եթէ այն դարձնենք միայն մեր որբերի ճակատագիրը լուսաբանող, կամ դրանով թուրքի ոճրագործութիւնը փաստող եւս մէկ վաւերագրութիւն:
Մենք պարտաւոր ենք այդ որբերի իւրաքանչիւրի անունից պահանջ ներկայացնելու այսօրուայ Թուրքիոյ կառավարութեան, իրենց անցեալը ժխտող այսօրուայ թուրք սերունդին, որ այս տարողութեամբ գործուած ոճիրները ոչ միայն չեն մոռացւում, ոչ միայն անկարելի է հերքել կամ անհետացնել հետքերը, այլ անժամկէտ են եւ հատուցումը` պարտադիր: Որ այսօրուայ Թուրքիոյ կառավարութիւնը եւ թուրք սերունդը պարտաւոր է հատուցել այս որբերի մանկութիւնը ջարդուփշուր անելու, իրենց ընտանեկան ջերմութիւնից վայրագօրէն զրկելու, իրենց երկրից դուրս նետելով հազարաւոր մղոններ սարսափի ու ահի տակ քայլեցնելու, որպէս ստրուկ ձրի աշխատեցնելու, հարիւր տարիներ սեփականացնելով նրանց հողերը, տներն ու ունեցուածքները առանց փոխհատուցման օգտագործելու համար:
Իրապէս վիրաւորական է այս ժապաւէնը` «Ցեղասպանութեան որբերը», դիտել միայն փոքրիկ սրահներում, խղճուկ, մի խումբ հայութեան ներկայութեամբ:
Իւրաքանչիւր հայի պարտքն է դիտել այս ժապաւէնը, իր յարգանքի տուրքը տալ մեր չարաչար տանջուած որբերին, որոնց մի փոքրաթիւ մասի շարունակութիւնն են մեզնից շատերը եւ օգտագործել ամէն միջոց` նրանց խեղդուած ձայները կենդանացնելու, պահանջ դարձնելու:
Կազմակերպուենք մեր մտածողութեամբ, մեր ողջ ուժը կենտրոնացնենք մեր պահանջատիրութեան աշխատանքի վրայ եւ օգտագործենք բոլոր միջոցները մեր պահանջատիրութիւնը իրագործելու:
Աղբյուր` Ազդակ օրաթերթ
72157641506535794