▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. ի պատասխան Գևորգ Սարոյանի

Լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել է դատարան՝ վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ տնօրինությունը, այս մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է։

«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 61-րդ հոդվածի համաձայն՝ Թեմակալ Առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և հանդիսանում է նրա ներկայացուցիչը: Անհրաժեշտության պարագային Վեհափառ Հայրապետը կարող է պաշտոնից ետ կանչել Թեմակալ Առաջնորդին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի կանոնակարգումներից հետևում է, որ՝

- Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում․

- պետությունը չի կարող միջամտել եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին:

Եկեղեցու ինքնակառավարման հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) էլ է ձևավորել դիրքորոշում:

ՄԻԵԴ գործերից մեկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրոնի և բարոյագիտության ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դեմ՝ հղում անելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Չերկարաձգումը հիմնված էր եպիսկոպոսի կողմից պաշտոնից ժամանակավորապես հեռացման վրա: Այս դեպքում ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնավարության օգտին և չի հայտնաբերել Կոնվենցիայի խախտում, այդ թվում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

Նմանապես, ՄԻԵԴ-ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրավասություն չունեն քննելու հովվի բողոքը Եկեղեցու կողմից պաշտոնից անօրինական կերպով ժամանակավորապես հեռացման վերաբերյալ: Քանի որ, ներպետական օրենսդրության համաձայն, հովիվը չէր կարող որևէ «իրավունք» վկայակոչել, եթե Դատարանը հայտնաբերեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, այն կստեղծեր նոր իրավունք՝ հակասելով իր սեփական հաստատված նախադեպային իրավունքին: Հետևաբար, Դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի:

Այս պայմաններում, դատավորը պարտավոր է հայցադիմումն ընդունելը մերժելու մասին որոշում կայացնել, քանի որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով: Հակառակ դեպքում, կխախտվի Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը»,- նշել է փաստաբանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее