Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«2013 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 22:10-22:20-ի հատվածում, Երեւանի Կողբացու փողոցի բակերից մեկում, ՊԵԿ-ի շենքից մի քանի քայլ հեռավորությամբ, իր ավտոտնակի մոտ, 6-7 անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը եւ Վորլդ Վիժն-Հայաստան կազմակերպության մենեջեր Սուրեն Սաղաթելյանը: Վերջիններս ծանր մարմնական վնասվածքներով, սալջարդերով եւ կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հայկակ Արշամյանը եւ Սուրեն Սաղաթելյանը վերջին երկու օրերին ակտիվորեն մասնակցել են ՀՀ նախագահի նստավայրի եւ ՀՀԿ կենտրոնակայանի առջեւ անցկացված հասարակական ակտիվ բողոքի ակցիաներին` ուղղված Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արած այն հայտարարության դեմ, ըստ որի, Հայաստանը որոշել է միանալ մաքսային միությանը:
Երեւանի մամուլի ակումբը եւ Վորլդ Վիժն-Հայաստան կազմակերպություններն ակտիվորեն ներգրավված են ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներում: Այս երկու հասարակական ակտվիստները հրապարակային գործիչներ են եւ իրենց հասարակական գործունեությունը իրականացնում են օրինականության շրջանակներում:
Մենք` ստորեւ ստորագրողներս, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ահաբեկչություն` հատկապես վերջին երկու օրերին իրենց բողոքը հայտնող բոլոր հասարակական գործիչների եւ ակտիվ քաղաքացիների նկատմամբ, սա համարում ենք Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունք, մարդու իրավունքների ոտնահարման, օրենքի ընտրովի կիրառման եւ քաղաքական հետապնդման ամենօրյա պրակտիկայի շարունակություն, ինչի դրսեւորումներից մի քանիսին ականատես ենք եղել նաեւ վերջին օրերին` Երեւանի Կոմիտասի 5 հասցեի շինարարության դեմ եւ քաղաքապետարանի դիմաց ցուցարարների դեմ կիրառված բռնաճնշումների ժամանակ։
Հայտարարում ենք, որ տեղի ունեցած այս ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների, մասնավորաբար`ՀՀ իրավապահ մարմինների վրա: Եթե այս հանցագործությունը շուտափույթ չբացահայտվի, հիմքեր կունենանք հայտարարելու, որ այս բռնարարքն ուղղակիորեն հովանավորվում է Հայաստանի իշխանություների կողմից:
Քաղաքացիական հասարակությանը եւ բոլոր ազատ քաղաքացիներին կոչ ենք անում գոտեպնդվել, չընկրկել վարձու խուժանի եւ սրանց պատվիրատուների առջեւ, շարունակել պայքարել սեփական ազատությունների եւ իրավունքների համար»:
6 սեպտեմբերի, 2013թ.
Ստորագրել են
Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
Կարեն Չիլինգարյան, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ
Գեւորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին «Ինտերնյուս»)
Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ
Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ
Նադեժդա Հակոբյան, «Մենք Պլյուս» ՀԿ
Անահիտ Մարգարյան, «Կրթության ասպարեզ» ՀԿ
Անահիտ Գեւորգյան, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե
Թեմիկ Խալափյան, «Տրտու» ՀԿ
Արմինե Թուխիկյան, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Սեդրակ Բաղդասարյան, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
Հրայր Մանուկյան, Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Ռոբերտ Կադարյան, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
Media Freedom Watch միջազգային կազմակերպություն